ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Նորություններ
ԳՐՔԵՐԻՑ ԵՐԵՔԸ ՀԵՂԻՆԱԿԵԼ ԵՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ
Մարտի 23-ին ՀՀ Սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել մի շարք գրքերի շնորհանդես, որոնցից մի քանիսը լույս են տեսել ԵՊՀ հրատարակչության կողմից:

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման, պատմության, արևելագիտության ֆակուլտետների դեկանները, ամբիոնի վարիչներ, անվանի գիտնականներ, քաղաքագետներ, թուրքագետներ, լեզվաբաններ, հասարակական գործիչներ, մտավորականներ և ուրիշներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա կարևորեց Սփյուռքի համայնքների պատմության, մշակույթի, գրականության, լեզվի հիմնախնդիրների գիտական համակողմանի ուսումնասիրությունը. «Գիտական այս հետազոտությունները կօգնեն մեզ՝ ավելի համակողմանիորեն և խորությամբ ճանաչել Սփյուռքի պատմությունը, ծանոթանալ համայնքների առանձնահատկություններին, հաշվի առնել առաջարկություններն և եզրակացությունները»:

Ամեն տարի Սփյուռքի նախարարությունը գիտական հետազոտությունների պատվերներ է տալիս՝ չորս ուղղություններով: Առաջինը հայկական համայնքների պատմության, տեղաշարժերի վերաբերյալ ուսումնասիրություններն են, երկրորդ խումբը վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման, հատուցման իրավական խնդիրներին, երրորդը՝ լեզվի պահպանության, զարգացման, չորրորդը՝ սիրիահայերի խնդիրների կարգավորման ուղիների վերաբերյալ հետազոտությունները:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը ողջունեց ներկաներին և նշեց, որ շնորհանդեսին ներկայացվածները սոսկ գրքեր չեն, այլ հարցադրումներ ունեցող լուրջ հետազոտություններ. «Այդ հարցադրումների շուրջ տարիներ շարունակ վիճում են գիտնականները, դրանք հետազոտության, ուսումնասիրության անսպառ աղբյուր են»:

ԵՊՀ-ականների կողմից հրատարակված գրքերը երեքն են. Սփյուռքի նախարարության ֆինանսական աջակցությամբ լույս են տեսել Արևելագիտության ֆակուլտետի դասախոսներ Դավիթ Սաֆարյանի, Գուրգեն Մելիքյանի, Վարդան Ոսկանյանի և Ալեքսանդր Սաֆարյանի «Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը Թուրքիայի  հասարակական-քաղաքական դիսկուրսում», Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոսներ Քրիստինե Անտոնյանի և Գրիգոր Հայրապետյանի «Սփյուռքի ներդրումային ներուժի բարձրացման ուղիները ՀՀ տնտեսությունում» և Պատմության ֆակուլտետի դասախոս Վլադիմիր Վարդանյանի «Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման իրավական հիմնախնդիրները» աշխատությունները:

ՀՀ Սփյուռքի նախարարը միջոցառման ավարտին նշել է, որ համագործակցությունը գիտական կառույցների հետ շարունակական կլինի: