ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Նորություններ
ՄԻԱԺԱՄԱՆԱԿ 4 ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ՄԵԿ ՎԱՅՐՈՒՄ
Երեկ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ «Արդի հայերենի հիմնախնդիրներ», «Հայոց եղեռնապատումի գրականությունը», «Աբեղյանական ընթերցումներ», «Լեզվաբանության պատմություն» գրքերի շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա էին կրթական և հետազոտական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, անվանի լեզվաբաններ, գրականագետներ, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ,  ուսանողներ և ուրիշներ:

Գրքերը տպագրվել են ԵՊՀ հրատարակչության և Համազգային հայ կրթական և մշակութային միության կողմից: Դրանցից երեքը միջազգային և հանրապետական գիտաժողովի նյութերի ժողովածուներ են:

Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, շնորհավորելով գրքերի լույսընծայման կապակցությամբ, նկատեց, որ այն գիտաժողովները, որոնք անցկացվել են Մայր բուհի հայ բանասիրության ֆակուլտետում, նվիրված են եղել երախտավորների, ովքեր իրենց գործունեությամբ ու վաստակով նպաստել են լեզվի ու գրականության զարգացմանը, հիմնախնդիրների բարձրացմանը և այլն:

«Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր մասնակցել են մեր գիտաժողովներին: Այս գրքերում ներկայացված նյութերը նախատեսված են նաև ընթերցողների լայն շրջանակի համար. դրանք կօգնեն ոչ միայն դասախոսներին, այլև գործող և ապագա լեզվաբաններին ու գրականագետներին՝ մի շարք հիմնախնդիրների վերաբերյալ մտորելու առումով»,- ասաց Արծրուն Ավագյանը:

Վերջինս բարձր գնահատեց Համազգային հայ կրթական և մշակութային միության դերը և հավելեց, որ արդեն երկար տարիներ է, ինչ այն ակտիվորեն համագործակցում է Մայր բուհի հետ՝ տարեցտարի ընդլայնվելով և իր շուրջը համախմբելով գիտնականներին:

Հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ Աննա Աբաջյանն էլ փաստեց, որ արդի հայերենի հիմնախնդիրներին նվիրված գիտաժողովները նպատակ ունեին համակողմանի և արդիական չափանիշներով արժևորելու հայերենի լեզվավիճակը, ինչպես նաև հայոց լեզվի պահպանման, զարգացման և տարածման հիմնախնդիրները:

Միջոցառման ավարտին ներկայացվեցին նաև Համազգային հայ կրթական և մշակութային միության կողմից տրամադրվող «Հակոբ Կարապենց» միանվագ կրթաթոշակի արժանացած 5 լավագույն ստեղծագործական աշխատանքների հեղինակների անունները:  Նրանցից չորսը Հայ բանասիրության ֆակուլտետի, մեկն էլ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներ են, ովքեր, դրամական պարգևներից զատ, արժանացան նաև արձակագիր Հակոբ Կարապենցի՝ վերջերս հրատարակված գրքերից: