Շնորհանդեսին, որի կազմակերպիչը Լեփսիուսի տուն-թանգարանի տնօրինությունն էր, մասնակցում էին Բեռլինում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, դր․ Յոհաննես Լեփսիուսի թոռը՝ Մանֆրեդ Աշկեն (Manfred Ashke), հայագետ, դոկտոր, պրոֆ․ Տեսսա Հոֆմանը (Tessa Hofmann), Էրլանգենի համալսարանի պրոֆ․ Հացիկ Գազերը (Hacik Gazer), ցեղասպանագետներ և պատմաբաններ:
«Գրքում առաջին անգամ ամբողջականորեն ներկայացվում է մեծ մարդասեր, աստվածաբան, հայ ժողովրդի մեծ բարեկամ դր․ Յոհաննես Լեփսիուսի հայանպաստ կազմակերպական և հրապարակախոսական գործունեությունը»,- տեղեկացրեց Աշոտ Հայրունին:
Վերջինս նշեց, որ Յոհաննես Լեփսիուսը հիմնադրել է մի կազմակերպություն՝ Գերմանական արևելյան առաքելությունը, որը մահմեդական շրջաններում պետք է զբաղվեր քրիստոնեության քարոզչությամբ:
«Լեփսիուսը, ըստ այդմ, իր կազմակերպության հիմնական առաջադրանքը դարձրեց վտանգված քրիստոնյա ժողովրդին օգնության կազմակերպումը։ 1896 թ․ գարնանը նա մեկնեց Օսմանյան պետություն և ուսումնասիրություններ կատարելով՝ վերադարձից հետո՝ նույն տարվա աշնանը, հրատարակեց «Հայաստանը և Եվրոպան․ մեղադրագիր քրիստոնյա մեծ տերություններին և կոչ քրիստոնյա Գերմանիային» աշխատությունը, որն առայսօր Համիդյան կոտորածների վերաբերյալ ամենաընդգրկուն սկզբնաղբյուրն է: Թարգմանվելով մի շարք լեզուներով՝ աշխատությունը կարևորագույն դեր է ունեցել գերմանական և եվրոպական հասարակությանն այդ մասին իրազեկելու հարցում»,- նշեց հեղինակը:
Գրքում Աշոտ Հայրունին անդրադարձել է նաև Յոհաննես Լեփսիուսի՝ Հայոց ցեղասպանության օրերին կատարած վիթխարի աշխատանքին:
«Առաջին աշխարհամարտի բռնկումից հետո, երբ երիտթուրքական կառավարությունը ձեռնամուխ եղավ Օսմանյան պետության բոլոր հայերի տեղահանմանն ու բնաջնջմանը, Լեփսիուսը բոլոր ջանքերը գործադրեց՝ ցեղասպանությունը կասեցնելու համար։ Նա 1915 թ․ հուլիսին անձամբ մեկնեց Օսմանյան պետություն, հավաքեց բազմաթիվ տեղեկություններ ու փաստական նյութեր,- փաստեց հայագետը:- Չնայած գրաքննության արգելքներին՝ նա վճռեց հայերի հանդեպ իրականացվող ոճրագործությունների մասին իրազեկել լայն հասարակությանը և այդ կերպ հասարակական ճնշում գործադրել կառավարության վրա՝ վերջինիս հայանպաստ քայլերի հարկադրելու համար»։
Հեղինակը նշեց, որ ցեղասպանության վերաբերյալ Լեփսիուսի հավաքած նյութերը լույս են տեսել առանձին գրքով՝ «Թուրքիայում հայ ժողովրդի դրության վերաբերյալ» վերնագրով:
«Գաղտնի կերպով 20.500 տպաքանակով հրատարակեց և ուղարկեց գերմանական ավետարանական բոլոր ծխական համայնքներին, ինչպես նաև առավել հեղինակավոր լրատվամիջոցների խմբագրություններին ու հրատարակչություններին։ Այնուհետև, տարբեր կողմերից նախազգուշացումներ ստանալով և միաժամանակ ի նպաստ հայերի ազատ գործելու համար, իրեն ենթարկեց տարագրության՝ մեկնելով չեզոք Հոլանդիա»,- ասաց Ա. Հայրունին։
Լեփսիուսը Հոլանդիայում ևս շարունակում էր իր հայանպաստ գործունեությունը. «Հոլանդիայում նա մի կողմից շարունակեց ցեղասպանության վերաբերյալ իր տեղեկատվական քարոզչությունը, մյուս կողմից ձեռնամուխ եղավ նյութական միջոցների հավաքագրմանը, որոնք ծառայում էին աքսորյալ հայերին օգնելու նպատակին»։
Աշոտ Հայրունու խոսքով, Լեփսիուսն ակնդետ հետևում էր Հայկական հարցի զարգացումներին՝ հրապարակախոսի իր ամբողջ ավյունն ի սպաս դնելով դրա արդարացի լուծմանը։
«Խիստ կարևոր նշանակություն ունեցավ նաև Սողոմոն Թեհլերյանի դատավարության ժամանակ նրա ունեցած ելույթը, որի շնորհիվ դատարանը հանգամանալից իրազեկվեց թուրքական ոճրագործությունների մասին»,- ասաց պատմաբանը:
Ամփոփելով խոսքը՝ Աշոտ Հայրունին նշեց. «Դր․ Լեփսիուսը, փաստորեն, իր ողջ կյանքը նվիրաբերեց հայ ժողովրդին՝ մշտապես հանդես գալով որպես նրա անշահախնդիր, անձնուրաց բարեկամն ու դատապաշտպանը: Նրա վիթխարածավալ հայանպաստ գործունեությունը գերմանական գիտական շրջաններին դեռևս բավականաչափ հայտնի չէր, և լույս տեսած մենագրությունը լրացնում է այդ բացը։ Գրքում հանգամանալից պարզաբանվում են նաև մի շարք կարևոր հիմնախնդիրներ, որոնք հաճախ դարձել են շահարկումների և նենգափոխումների առարկա»:
Ի դեպ, տեղեկացնենք, որ վերջերս ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը և պրոֆեսոր Աշոտ Հայրունին Ցեղասպանության հակառակորդների միության անդամների անունից շնորհակալագրեր են ստացել՝ համալսարանում Ցեղասպանության հակառակորդների միության պատվիրակության անդամների ընդունելության և ուսանողության ու պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ հանդիպման կազմակերպման հարցում ունեցած անձնական ներդրման և հաղորդակցական հարցերում աջակցության համար։
Անգին Խաչատրյան