ԵՊՀ հրատարակչության կողմից լուսընծայված մենագրությունը նվիրված է ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին: Այն Վահան Տերյանի չափածոյի խոսքարվեստի մասին համապարփակ քննություն է, որը բացահայտում է նրա ստեղծագործությունների լեզվաոճական առանձնահատկությունների ամբողջական համակարգը:
Հանդիպում-քննարկման ժամանակ մենագրության հեղինակ Մերի Հովհաննիսյանն ասաց, որ աշխատությունն իր տերյանասիրության ծնունդն է. «Ինձ համար այն կարևոր նշանակություն ունի, քանի որ ցանկացել եմ, որ ընթերցողն այս մենագրության միջոցով տեսնի, թե ինչքան կարևոր դերակատարություն է ունեցել Վահան Տերյանը հայոց լեզվի զարգացման գործում»:
Տարիների աշխատանքի արդյունքում գրված մենագրության առանձին գլուխներում հեղինակը Տերյանի լեզվաոճական առանձնահատկությունները բացահայտելու համար անդրադարձել է լեզվի տարբեր բաժիններին. «Բայց այս աշխատությունը սոսկ լեզվաբանական չէ: Այն Տերյանի կերպարը որոշակիորեն արտացոլող մի գիրք է, որտեղ ընթերցողը պետք է գտնի ոչ միայն լեզվաբանական ու քերականագիտական հետաքրքիր փաստեր, այլև երաժշտություն, պատմություն, զգացմունք, ապրում ու մտածողություն»:
Հանդիպում-քննարկման բանախոսները՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, Հանրային կապերի ծառայության պետ, մենագրության խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը և Հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը, ներկայացրին Տերյան հայրենասեր գործչին և տերյանական Նաիրին, ինչպես նաև անդրադարձան հայոց լեզվի զարգացման գործում Վահան Տերյանի ունեցած դերին:
Էդիկ Մինասյանը նշեց, որ Մերի Հովհաննիսյանի աշխատության մեջ անդրադարձ է կատարվել ազգային գործիչ Տերյանի լեզվամտածողությանը, և որ կարևոր է՝ հեղինակը բացահայտել է «Երկիր Նաիրի» շարքում հայրենասեր Տերյանի կերպարը. «Այդ շարքի ամեն մի բանաստեղծություն պատկերում է հայրենի բնաշխարհը: Մերի Հովհաննիսյանը կարողացել է Տերյանի լեզվամտածողության ու ոճի բացահայտման միջոցով ներկայացնել տերյանական Նաիրին, որում երևում է հայրենիքի գաղափարը»:
Գևորգ Էմին-Տերյանը փաստեց, որ Տերյանի անունը մշտապես կապվում է գրական հայերենի հետ, սակայն կա հանգամանք, որին քիչ է ուշադրություն դարձվել, և որի մասին բավականաչափ հետազոտություն չի իրականացվել. «Խոսքը Տերյանի մեծագույն նվաճումներից մեկի մասին է, որը կապվում է ոչ այնքան գրականության հետ, որքան հայ ժողովրդի՝ ազգ դառնալու ճանապարհի հետ, ինչը չէր կարող տեղի ունենալ առանց գրական հայերենի ձևավորման»:
Մենագրության խմբագիրը պարզաբանեց, որ Տերյանի շնորհիվ է կատարելության հասել գրական հայերենը. «Մինչև Տերյանի գրական ասպարեզ գալը՝ ստեղծվել էր իրավիճակ, երբ հայ գրականության խոշորագույն երկու դեմքերը՝ Հովհաննես Թումանյանը և Ավետիք Իսահակյանը, քամահրանքով էին վերաբերվում գրական լեզվին՝ համարելով, որ այն չունի հոգի, և տուրք տալիս բարբառներին: Վահան Տերյանի մեծագույն նվաճումն այն էր, որ լինելով 23 տարեկան՝ նա այդ ժամանակ հրատարակեց իր առաջին գրքույկը և համոզեց ու ապացուցեց գրականության մեծերին, որ գրական լեզուն կարող է լիարժեք գոյություն ունենալ և ունենալ զգացմունքներն արտահայտելու խորություն»:
«Մերի Հովհաննիսյանը շատ համապարփակ կերպով է անդրադարձել Տերյանի լեզվին՝անդրադառնալով նրա բանաստեղծությունների հնչյունական կազմին, բառապաշարին և քերականական ձևերին: Ընդ որում՝ պետք է ընդգծել, որ Մերի Հովհաննիսյանը շատ կարևոր քայլ է արել՝ անցում կատարելով դեպի գրականագիտություն, որի ընթացքում էլ լեզվի միջոցով բացահայտել է տերյանական գեղարվեստը»,- ասաց Գևորգ Էմին-Տերյանը:
«Վահան Տերյանի չափածոյի լեզուն և ոճը» մենագրության հեղինակն ուշագրավ փաստեր ներկայացրեց՝ անդրադառնալով տերյանական խոսքի հնչյունական ոճավորմանը, նրա նորարարություններին ու նրա՝ որպես հայոց լեզվի «սահմանադիր» կերպարին:
Մենագրության հեղինակի փոխանցմամբ, աշխատությունը հասցեագրված է լեզվաբաններին, գրականագետներին, տերյանական արվեստի քննությամբ զբաղվող այլ ոլորտների մասնագետներին, ինչպես նաև առհասարակ տերյանասեր հանրությանը:
Քնար Միսակյան