ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Նորություններ
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ
Լույս է տեսել իտալացի պրոֆեսոր Մարիա Իմմակոլատա Մաչոտիի «Հայոց ցեղասպանությունը պատմության և հիշողության մեջ» գրքի հայերեն տարբերակը:

Սոցիոլոգիայի պրոֆեսոր Մաչոտին դասավանդում է Հռոմի «Սապիենցա» համալսարանի քաղաքական գիտություն­ների, սոցիոլոգիայի, հաղորդակցման ֆակուլտետներում, ղեկավարում է ներ­գաղթյալ­ների և փախստականների գծով մագիստրոսական ծրագիրը: Հումանիտար, արվեստի և միջավայրի գիտությունների դաշնային համալսարանի փոխ­նա­­խա­գահն է:

Մաչոտիի «Հայոց ցեղասպանությունը պատմության և հիշողության մեջ» գիրքն Իտալիայում լույս է տեսել 2011 թ.-ին: Այն հայերեն թարգմանելու գործը նախաձեռնել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը, որը պրոֆեսորի հետ համագործակցում է արդեն երկար ժամանակ: Գիրքը տպագրվել է ԵՊՀ հրատարակչության կողմից` Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի աջակցությամբ:

«Տարիների առաջ, երբ ուսումնասիրում էի փախստականների խնդիրները, դրանց մասին խոսել կարողանալու համար սկսեցի հետաքրքրվել հայկական ցեղասպանությամբ: Այդ ժամանակից ի վեր շարունակել եմ հետաքրքրվել Հայոց ցեղասպանությամբ, փորձել եմ նոր նյութեր, պատմագիտական ակնարկներ գտնել այդ թեմայով և այլն»,- այսպես է թեմայի նկատմամբ իր հետաքրքրությունը բացատրում տիկին Մաչոտին:

Հեղինակը գրքում փորձել է ներկայացնել Հայկական սփյուռքի ֆենոմենը, նրա խոսքով՝ եթե այլ դեպքերում մարդիկ երկրից փախչում են տնտեսական պատճառներով, ապա այս դեպքում խնդիրը բոլորովին այլ է:

«Իմ խնդիրը ոչ թե ցեղասպանության փաստն ապացուցելն է, այլ մարդկանց կարծիքն ուսումնասիրելը: Այսօր Իտալիայում, օրինակ, գիտնականները կարող են խոսել Հայոց ցեղասպանության մասին, բայց կառավարությունը լռում է: Պատմությունը նույնն է, ինչ 100 տարի առաջ. ամբողջ աշխարհը տեսնում էր հայերի ցեղասպանությունը, բայց ոչ ոք ձայն չէր հանում՝ ելնելով տնտեսական ու աշխարհաքաղաքական շահերից»,- ասում է պրոֆեսոր Մաչոտին:

ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտում կազմակերպված շնորհանդեսին մասնակցում էին Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը, դասախոսներ, ուսանողներ և ուրիշներ:

«Այս գրքի թարգմանությունը մեզ համար շատ կարևոր է, կարծում եմ՝ մեր ուսանողների համար շատ օգտակար կլինի: Այսօր մենք այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ Ցեղասպանության սոցիոլոգիական մոտեցումները գնալով կարևորվում են, քանի որ սերունդներ են փոխվում, պատկերացումներ են փոխվում: Ինչպես ենք մենք ընկալում ցեղասպանությունը, ինչպես կարող ենք այն դարձնել հաղորդակցության միջոց ու խոսել միմյանց և հաջորդ սերունդների հետ. այս ամենը պահանջում են սոցիոլոգիական մոտեցումներ»,- գրքի մասին խոսելիս նշեց Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը:

Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանն էլ հավելեց, որ գիրքը խիստ օգտակար կարող է լինել նաև «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի ուսանողների համար, ովքեր այդ տեսանկյունից ևս ուսումնասիրում են երևույթը: Այնուհետև նա տիկին Մաչոտիին պաշտոնապես հրավիրեց մասնակցելու այս տարվա աշնանը կայանալիք միջազգային գիտաժողովին, որը նվիրված է Հայոց ցեղասպանությանը: