ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
ՌԱՖԱՅԵԼ ԱՎԵՏԻՍԻ ՂԱԶԱՐՅԱՆ
Ռադիոֆիզիկոս,
տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս


Ծնվել է 1924թ. հունվարի 26-ին ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում` Արևմտյան Հայաստանից գաղթած ընտանիքում:

1941-1943թթ. սովորել է Կրասնոդարի մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում, ապա մեկնել ռազմաճակատ: 1946-1951թթ. սովորել է Մոսկվայի կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտում, որն ավարտելուց հետո եկել է Երևան և մասնակցել Սփյուռքի համար կառուցվող ռադիոհաղորդիչ կայանի մոնտաժման աշխատանքներին:

1953-1956թթ. Ռ.Ղազարյանը սովորել է Մոսկվայի կապի էլեկտրատեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրայում, որն ավարտել է` պաշտպանելով թեկնածուական ատենախոսություն:

1957թ. նա տեղափոխվել է Երևան: 1959-ին ԵՊՀ-ում հիմնադրել է ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ամբիոնը` ղեկավարելով այն մինչև 1969թ.: 1963թ. մասնակցել է ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի ստեղծմանը, որտեղ հիմնել և մինչեւ 1991թ. ղեկավարել է քվանտային էլեկտրոնիկայի բաժինը: Այստեղ կատարված հետազոտությունների արդյունքում ստեղծվել է Երևան-Բյուրական լազերային բազմակապուղի հեռախոսագիծը, որն ամենաերկարն էր աշխարհում: 1975-1990թթ. նա հիմնադրել և ղեկավարել է ռադիոկապի ամբիոնը ԵրՊԻ-ում:

1975 Ռ.Ղազարյանը պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1978թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

Նա հեղինակ է ավելի քան 100 գիտական հոդվածների, «Гетеродинный прием и его применение, Итоги науки. Радиотехника, т.33» (М.,1984), «Ռադիոտեխնիկական ոչ գծային և պարամետրական շղթաներ» (Եր., 1987), “Оптические системы передачи информации по атмосферному каналу” (М.,1985) մենագրությունների և «Ռադիոտեխնիկայի պրակտիկում» (Եր., 1965) դասագրքի, համահեղինակ` «Ձեռնարկ ռադիոսովորողների համար» (Եր., 1961) գրքի: Ռ.Ղազարյանը մեծ վաստակ ունի մայրենի լեզվով ֆիզիկայի և հատկապես ռադիոֆիզիկայի տերմինաշինության գործում: Հրատարակել է նաև «Հաշվետու եմ...» (Եր., 2003) հուշագրությունը:

1986թ. Ռ.Ղազարյանն ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1996թ.` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:

Գիտական գործունեությունից զատ նա հայտնի է նաև որպես հասարակական և քաղաքական գործիչ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ (1988-1990թթ.), 1989թ. հունվարին ձերբակալվել և մինչև հունիս պահվել է Մոսկվայի Բուտիրյան բանտում:
1989թ. Ռ.Ղազարյանն ընտրվել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր, 1990-ին` ԳԽ փոխնախագահ, 1990-1995թթ.` ՀՀ ԳԽ Կրթության, գիտության, լեզվի և մշակույթի մշտական հանձնաժողովի նախագահ:

Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է ավելի քան մեկ տասնյակ թեկնածուական ատենախոսություն:

Ռ.Ղազարյանը պարգևատրվել է Հայրենական պատերազմի II աստիճանի և բազմաթիվ այլ շքանշաններով ու մեդալներով:

Վախճանվել է 2007թ. նոյեմբերի 3-ին Երևանում:
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը