ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Նորություններ
ԳՐՔԵՐԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
Հրատարակվել են Նիկողայոս Ադոնցի աշխատությունների 6 հատորները:

Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ անվանի հայագետ Նիկողայոս Ադոնցի երկերի վեցհատորյակի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ եւ ուսանողներ:

Վեցհատորյակի առաջին հատորում զետեղված են Նիկողայոս Ադոնցի պատմագիտական ուսումնասիրությունները, հաջորդ երկու հատորներում` բանասիրական եւ քերականական-լեզվաբանական ուսումնասիրությունները: Չորրորդ եւ հինգերորդ հատորներում տեղ են գտել հայ-բյուզանդական ուսումնասիրությունները եւ Նիկողայոս Ադոնցի հրապարակախոսություններն ու նամականին, իսկ վերջին հատորում հրապարակախոսություններ են Հայոց մեծ եղեռնի թեմայով: Ներկայացված ուսումնասիրություններից շատերը կարեւոր ներդրում են ոչ միայն հայագիտության, այլեւ ընդհանուր պատմագիտության բնագավառում:

«Այս հատորների հրատարակումը մի տքնաջան գործ էր, սակայն այսօր 6 տարվա ինքնամոռաց աշխատանքների արդյունքում մեծ ուրախությամբ ձեր դատին ենք հանձնում տաղանդաշատ հայագետ, պատմաբան Նիկոսայոս Ադոնցի երկերը, որոնք մնայուն դեր ունեն մեր պատմագիտության մեջ: Եվ, իհարկե, հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել հատորների ստեղծման գործում հսկայական աշխատանք կատարած Պետրոս Հովհաննիսյանին, առանց նրա ուղղակի հնարավոր չէր լինի այս գրքերի հրատարակումը»,- ասաց ԵՊՀ հրատարակչության տնօրեն Պերճ Ստեփանյանը:

Շնորհակալական խոսքով հանդես եկավ պատմ. գիտ. պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանը. «Մեր պատմության մեծագույն դեմքերից մեկի՝ Նիկողայոս Ադոնցի մասին կարճ խոսել նշանակում է ոչինչ չասել, ուստի ես պարզապես կնշեմ մի կարեւոր փաստ: Մահվանից առաջ Ադոնցը խոստովանել է, որ իր կյանքի երեք մեծագույն իղձեր չեն իրականացել. Հայաստանը տեսնել ազատ ու անկախ, ի մի բերել սեփական աշխատություններն ու հրապարակել դրանք գոնե 2 հատորով եւ դասավանդել Հայոց համալսարանում: Այսօր նրա երկու երազանքներն ամբողջությամբ կատարված են: Եվ քանի որ նրա երկերը շատ համալսարանականների համար գիտելիքի, ներշնչանքի եւ, ինչու ոչ, նաեւ հայրենասիրության աղբյուր են, ուստի կարելի է ասել, որ երրորդ ցանկությունն էլ կիսով չափ իրականություն է դարձել»:

Ներկաներին հանճարեղ հայագետի կյանքի ու գործունեության վերաբերյալ որոշ մանրամասներ ու փաստեր ներկայացրեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը: Իսկ Պետրոս Հովհաննիսյանին առանձնահատուկ շնորհակալական խոսքեր ուղղեցին նրա գործընկերներն ու բարեկամները: Երկերի վեցհատորյակը տպագրվել է ԵՊՀ հրատարակչության նախաձեռնությամբ եւ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության հայկական բաժանմունքի աջակցությամբ:

Հայ գրատպության 500-ամյակին եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ միջոցառման մասնակիցներին բաժանվեցին ԵՊՀ հրատարակչության ջանքերով հրատարակված մի շարք արժեքավոր գրքեր: