Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սեդա Գասպարյանը համալսարանականներին և հյուրերին ներկայացրեց «The Armenian Genocide: A Linguocognitive Perspective» վերտառությամբ գիրքը, որը հրատարակել է ԵՊՀ հրատարակչությունը:
Պրոֆեսոր Գասպարյանի՝ վերջերս լույս տեսած աշխատությունը, բանախոսների և գրախոսների վստահեցմամբ, լուրջ ներդրում է ինչպես Հայոց ցեղասպանագիտության, այնպես էլ հայ լեզվաբանության մեջ:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը շնորհավորեց ոչ միայն գրքի հեղինակին, այլև բոլոր համալսարանականներին, քանի որ տվյալ աշխատությունը Մայր բուհի մտավոր ներուժի մի դրսևորումն է, որն ուղղված է հակահայկական քարոզչությանը:
Գիտակցելով իր առջև դրված խնդրի կարևորությունը՝ վաստակաշատ գիտնականը և մեծ հայրենասերը, ով ի թիվս բազմաթիվ հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով լեզվաբանական ուսումնասիրությունների՝ նաև հայոց հարցին նվիրված հրապարակումների հեղինակ է, ձեռնամուխ է եղել ցեղասպանության խնդիրն արծարծող օտարերկրյա մի շարք հեղինակների՝ անգլերենով գրված պատմագիտական աշխատությունների լեզվաբանական քննությանը լեզվաճանաչողության դիրքերից:
«Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ այս աշխատության լույսընծայումը կարևոր նշանակություն ունի, քանի որ վերջին մի քանի տասնամյակներում լեզվաբանության և պատմագիտության ոլորտում այսպիսի գիրք չի հրատարակվել: Այն մի շարք արժանիքներ ունի, որոնցից պետք է նշեմ լեզվի մատչելիությունը և մի քանի գիտությունների համատեղումը: Այս գիրքը լոկ լեզվաբանական ուսումնասիրություն չէ կամ պատմության ներկայացում, այլ գիտական մի հարթակ է, որտեղ խաչվում են սոցիոլոգիան, լեզվաբանությունը, հոգեբանությունը, պատմությունը»,- նշեց Արամ Սիմոնյանը:
Ելնելով լեզվի և մտածողության միասնության սկզբունքից՝ հեղինակն իր առջև խնդիր է դրել բացահայտել լեզուն որպես քաղաքական քարոզչության միջոց օգտագործելու, հասարակական կարծիք ձևավորելու, մարդկանց մտածողությունը որոշակիորեն ուղղորդելու ներքին, անտեսանելի մեխանիզմի էությունը:
«Պրոֆեսոր Սեդա Գասպարյանը բավականին պրոֆեսիոնալ կերպով է մեկնաբանել արտասահմանցի մի շարք քաղաքական գործիչների և պատմաբանների ելույթներն ու գրվածքները, ինչպես նաև այս ոլորտում գործածվող եզրույթները: Այս աշխատությունը ոչ միայն լեզվաճանաչողական ուսումնասիրություն է, այլև յուրօրինակ մարտահրավեր բոլոր նրանց, ովքեր չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը, մարտահրավեր, որի մեջ նաև ցայտուն կերպով ընդգրված է նաև դատապարտումը»,- ընդգծեց Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանը:
Գրքի և հեղինակի մասին շնորհավորական ելույթներով հանդես եկան նաև ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Լավրենտի Հովհաննիսյանը, «Բանբեր Երևանի համալսարանի» հանդեսի խմբագիր Հրաչիկ Միրզոյանը և ուրիշներ:
Հավելենք, որ Հայոց եղեռնի թեմային անդրադարձած մի շարք քաղաքական գործիչների, պատմաբանների և գիտնականների (Հենրի Մորգենթաու, Գյունտեր Լյուի, Ռոնալդ Սյունի, Թաներ Աքչամ, Իսրայել Չարնի, Յաիր Աուրոն և ուրիշներ) գրավոր և բանավոր խոսքի լեզվաճանաչողական քննությունը թույլ է տալիս բացահայտել գրողի/խոսողի կարծիքը, իրատեսական մոտեցումը քննարկվող հարցի վերաբերյալ, նրա իրական հաղորդակցական նպատակները, որոնք հաճախ քողարկվում են բառախաղի, ոճական հնարի, խոսքային մարտավարական հնարի կամ որոշակի խոսքային ակտի յուրօրինակ կիրառման շնորհիվ ստեղծվող երկիմաստության քողի տակ: