Սեպտեմբերի 12-ին Երեւանի պետական համալսարանի Եղիշե Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի տեսության եւ պատմության ամբիոնի դասախոսների` բան. գիտ. թեկնածու, դոցենտ Անահիտ Մենեմշյանի, բան. գիտ. թեկնածու Անահիտ Բրուտյանի, բան. գիտ. թեկնածու Գայանե Սողոմոնյանի մենագրությունների շնորհանդեսը: Գրքերը հեղինակների թեկնածուական ատենախոսությունների վերամշակված տարբերակներն են, որոնք համալսարանի ֆինանսավորմամբ լույս են տեսել հենց ԵՊՀ հրատարակչությունում:
Շնորհանդեսին մասնակցում էին ՀՀ ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ: Մամուլի տեսության եւ պատմության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանը, շնորհավորելով գրքերի հեղինակներին, ասաց. «Մեր ամբիոնի համար 2009 թ-ը, իրոք, բեղնավոր տարի է:
Ամբիոնի երեք դասախոսները, աշխատելով մտքի լարումով, հոգով ու սրտով, ի վերջո հասել են բաղձալի հանգրվանի: Մամուլի պատմությունը խորքային առումով խիստ հետաքրքիր աշխարհ է, եթե նկատի ունենաք, որ մեր օրերում տասնամյակների վաղեմություն ունեցող թերթերով եւ ամսագրերով հետաքրքրվողները քիչ են, ապա մեր հարգարժան հեղինակների կատարած աշխատանքներն արժեւորվում են կրկնակի: Նրանք կարողացել են յուրօրինակ կամուրջ կապել անցյալի եւ ներկայի միջեւ»: Անահիտ Մենեմշյանի ««Le Monde»-ը եւ հայ իրականությունը» մենագրությունը ֆրանսիական ամենահեղինակավոր «Le Monde»-ի համակողմանի ուսումնասիրությունն է: Փաստական հարուստ նյութի հիմքի վրա ներկայացվում է օրաթերթի անցած ուղին, քննվում են նրա տեղեկատվության յուրահատկությունները, բացահայտվում ժանրային նկարագիրը: Հեղինակի տեսադաշտում նաեւ «Le Monde» - հայ իրականություն փոխառնչությունների համապատկերն է` ինքնատիպ մեկնաբանություններով: Անահիտ Մենեմշյանը համոզված է, որ իր ընթերցողը ֆրանսիական մամուլից ու հատկապես «Le Monde»-ից կսովորի թե ինչպես լինել ավելի անկողմնակալ, օբյեկտիվ, ինչպես հարգել մադուն` լինի դա պաշտոնյա, սովորական քաղաքացի թե աշխատակից. «Խոստովանում եմ` հատկապես գրքի վերջին գլուխն առավել հաճույքով եմ գրել, շատ կարեւոր է, երբ զգում ես, թե ֆրանսիացի լրագրողը որքան ակնածանքով եւ հարգանքով է խոսում քո ազգի պատմության ու խնդիրների մասին»:
Անահիտ Բրուտյանի «Արեւելահայ մանկավարժական մամուլը» մենագրություն մեջ համակողմանիորեն վերլուծվում է հայ մասնագիտական մամուլի տեսակետներից մեկը` իր ստեղծման պատմությամբ, զարգացման միտումներով, ժանրային եւ լեզվաոճական առանձնահատկություններով:
Իսկ Գայանե Սողոմոնյանի «Նոր լրագրությունը Կ. Պոլսում 19-րդ դարի 80-ական թթ.» աշխատությունը նվիրված է հայ լրագրության պատմության մեջ մեծ հետք թողած Կ. Պոլսի «Արեւելք» եւ «Մասիս» պարբերականների պատմությանը: Ըստ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի` նմանաբնույթ շնորհանդեսները խթանում են ֆակուլտետում նոր գրքերի հրատարակմանը. «Այսօրինակ մենագրությունների հրապարակումներն օգտակար կարող են լինել մամուլի տեսությամբ եւ պատմությամբ զբաղվողների, ուսանողության եւ ընթերցող լայն շրջանների համար»: Իսկ միջոցառումն ավարտվեց տպագրության գյուտից հետո` դեռեւս 15-րդ դարում ընդունված գինեձոնի յուրօրինակ արարողությամբ: