ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Նորություններ
ՀՀ ԵՎ ԼՂՀ ՆՈՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՆԵԼԻ Է ԳՐՔԻ ՏԵՍՔՈՎ
ԼՂՀ Ազգային ժողովի գրադարանում տեղի ունեցավ ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Էդիկ Մինասյանի «Հայաստանի երրորդ Հանրապետության պատմությունը» գրքի Արցախյան շնորհանդեսը:

Նոյեմբերի 21-ին կայացած շնորհանդեսին ներկա էին ԼՂՀ ԱԺ պատգամավորներ, պատմաբաններ, ուսանողներ և այլք:

Գրքի շնորհանդեսը հենց Արցախում անցկացնելու ցանկությունը հեղինակինն էր: Նրա խոսքերով՝ քանի որ Հայաստանի երրորդ Հանրապետության ծնունդը հնարավոր չէ պատկերացնել առանց Արցախյան շարժման, հայկական երկու պետությունների պատմություններն էլ ընթացել են զուգահեռ, շատ խորհրդանշական էր գիրքն առաջինը Արցախում ներկայացնելը:

ԵՊՀ հրատարակչության ջանքերով տպագրված գրքում առաջին անգամ փորձ է արվել գիտականորեն ներկայացնել հայկական անկախ երկու հանրապետությունների հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային և այլ ոլորտների ձեռքբերումները, բացթողումներն ու թերությունները:

«Իսկապես շատ հետաքրքիր գիրք է, որովհետև հայոց պատմության տվյալ ժամանակահատվածի վերաբերյալ հրատարակվող գրքերի մեծ մասն անդրադառնում է այս կամ այն երևույթին, բայց շատ քչերին է հաջողվել համակարգված վերլուծել երրորդ հանրապետության քաղաքականությունը, և այդ քչերից մեկը Էդիկ Մինասյանն է»,- խոսելով գրքի մասին՝ նշեց ԼՂՀ ԱԺ կրթության և գիտության հանձնաժողովի նախագահ Արմեն Սարգսյանը:

Հեղինակն իր խոսքում նշեց, որ սա առաջին փորձն է, երբ գիտականորեն ներկայացվում է հայկական երկու հանրապետությունների հասարակական կյանքի բոլոր ոլորտները՝ սկսած ներքին քաղաքականությունից և վերջացրած արտաքին ու միջազգային դրությամբ: Հեղինակի կարծիքով՝ հատկապես կարևոր է այն հանգամանքը, որ գիրքը շարադրված է ականատեսի կողմից:

«Նույնիսկ Խորենացին իր ժամանակին պատմությունը հասցնում էր մինչև իր ապրած ժամանակահատվածը, և դա էլ ավելի արժեքավոր էր դարձնում գիրքը: Արժեքավոր են համարվում պատմագրի ներկայացրած հատկապես այն հատվածները, որոնց վկան ժամանակակիցը ինքն է եղել և գրի առել»,- ասում է Էդիկ Մինասյանը:

ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բալայանն էլ մեծ գնահատանքի արժանացրեց հեղինակի կատարած գործը, կարևորեց նաև գրքի թարգմանության հարցը, ինչը հնարավորություն կստեղծի, որ այն հասանելի դառնա նաև միջազգային հանրությանը՝ աշխարհին ճանաչելի դարձնելով թե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, թե՛ Հայաստանի Հանրապետությունը: