ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Նորություններ
ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ՆՈՐ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀՆ «ԻԶՄԻՐԼՅԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՎԵՐՆ Է ԵՊՀ 100-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում այսօր տեղի է ունեցել գրադարանի թիվ 501 վերանորոգված ընթերցասրահի վերաբացումը:

Ընթերցասրահի բացման արարողությանը ներկա էին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, «Իզմիրլյան» հիմնադրամի փոխնախագահ Գրեգորի Ջերեջյանը, հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ծրագրերի ղեկավար Բաբկեն Բաբայանը, նախկին տնօրեն Արա Համազասպյանը, ԵՊՀ գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանը, ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, գրադարանի աշխատակիցներ, նախկին համալսարանականներ:

 

Գրեգորի Ջերեջյանը Հայաստան էր եկել՝ մասնակցելու ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումներին և ներկա գտնվելու ընթերցասրահի վերաբացմանը, որի վերանորոգման ամբողջ ֆինանսավորումը կատարվել է «Իզմիրլյան» հիմնադրամի կողմից, իսկ գույքը ձեռք է բերվել ԵՊՀ-ի միջոցներով:

 

 

Գեղամ Գևորգյանը, ողջունելով ներկաներին, բոլորի անունից շնորհակալություն հայտնեց «Իզմիրլյան» հիմնադրամին և ընտանիքին այս նվերի համար, քանի որ այն ոչ միայն նոր սրահ և գույք է, այլև նոր միջավայր՝ կրթական նոր որակ ու մակարդակ ապահովելու համար:

 

Գրեգորի Ջերեջյանը նշեց, որ շատ ուրախ է համալսարանում գտնվելու համար. «Ընթերցասրահը հիմնադրամի կողմից նվեր է ԵՊՀ 100-ամյակի կապակցությամբ»:

 

Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց «Իզմիրլյան» հիմնադրամին և ընտանիքին ֆինանսական աջակցության, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին՝ նոր ընթերցասրահը գույքով ապահովելու համար, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր մասնակցել են վերանորոգման աշխատանքներին. «Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում «Իզմիրլյան» հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լուսինե Գալաջյանին, որը, ցավոք, այստեղ չէ, հիմնադրամի փոխնախագահ Գրեգորի Ջերեջյանին, որը, տարվա մեջ երկու կամ երեք անգամ Հայաստանում լինելով, առիթը բաց չի թողնում մեզ այցելելու: Սա իմ և գրադարանի ողջ անձնակազմի անունից շնորհակալությունն է, բայց կա ավելի մեծ շնորհակալություն՝ ուսանողների շնորհակալությունը»:

 

 

Գրադարանի տնօրենը հույս հայտնեց, որ համալսարանի և հիմնադրամի գործուն աջակցությամբ ԵՊՀ-ն առաջիկայում կունենա ավելի լավ պայմաններով գրադարան՝ ի շահ ուսանողների և ի բարօրություն երկրի:

 

Ընթերցասրահում կան 8, 12 և 16 հոգու համար նախատեսված առանձին սրահներ, որտեղ կարող են անցկացվել ամենատարբեր քննարկումներ, ոչ ստանդարտ դասախոսություններ:

 

Հյուրերը շրջեցին վերանորոգված ընթերցասրահում, ծանոթացան սրահներին և վերջում մասնակցեցին հյուրասիրությանը:

 

Հասմիկ Ասլանյան