ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Նորություններ
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԵՎ ԱՄՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հանրության դատին հանձնվեց մեծանուն պատմաբան, դիվանագետ, պրոֆեսոր Արման Կիրակոսյանի հերթական ծավալուն աշխատությունը:

Մարտի 27-ին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի ունեցավ «ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը և արևմտահայությունը (19-րդ դար-1914 թ.)» գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակն է պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Ջոնի Կիրակոսյանը:

Գրքի շնորհանդեսին ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ֆակուլտետների դեկաններ, պրոֆեսորադասախոսական կազմի և դիվանագիտական ոլորտի մի շարք ներկայացուցիչներ, գիտնականներ, ուսանողներ և այլ հյուրեր:

«Այսօր, հիրավի, նշանակալի օր է բոլորի համար: Մեծանուն պատմաբանի այս աշխատությունը մեծ դեր ու նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի արտաքին քաղաքականության և դիվանագիտության ոլորտում, այլև կրթական գործընթացում, քանի որ այն ապագա պատմաբանների և դիվանագետների համար որպես դասագիրք է ծառայելու»,- իր ողջույնի խոսքում նշեց Արամ Սիմոնյանը:

Այնուհետև Արման Կիրակոսյանի մենագրությունը ներկայացրեց, առավել կարևոր հատվածներն ընդգծեց ու մեկնաբանեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը:

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված այս աշխատությունն անվանի պրոֆեսորի, պատմաբանի և միջազգայնագետի հերթական ծանրակշիռ գիրքն է, որը լրացնում է այն բացը, ինչն առկա է ՀՀ արտաքին քաղաքականության տվյալ ժամանակահատվածը ներկայացնող նյութերի շարքում»,- ասաց Գեղամ Պետրոսյանը:

Աշխատության մեջ հեղինակը վերլուծել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ընդհանուր սկզբունքները, Օսմանյան կայսրության հետ հարաբերությունների ձևավորումն ու զարգացումը, միսիոներական շարժման սկիզբն ու աշխատանքի ուղղությունները, ամերիկյան դիվանագետների և բողոքական առաքելությունների գործողությունները:

Պրոֆեսորը լուսաբանել է նաև արևմտահայության իրավիճակին, դիվանագետների և միսիոներների՝ 1894-1896 և 1909 թթ. կոտորածներին վերաբերող վկայությունները, ամերիկյան հասարակության արձագանքներն ու տուժած հայերի համար օգնության կազմակերպումը:

Գրքի պատմական, դիվանագիտական և կրթական արժեքների մասին խոսեցին նաև ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ՀՀ ԱԳՆ Սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Ավագյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ Լևոն Շիրինյանը և ուրիշներ:

Արման Կիրակոսյանն էլ, շնորհանդեսին մասնակցելու և գիրքն արժևորելու համար շնորհակալություն հայտնելով գործընկերներին և ուսանողներին, նշեց, որ իր համար պատիվ է համալսարանի ամբիոնից ներկայացնել իր աշխատանքը:

«Բավականին երկար եմ աշխատել՝ գրեթե 8 տարի, և ուրախ եմ, որ գործը հաջողությամբ ավարտին եմ հասցրել: Ուրախալի է նաև այն փաստը, որ տվյալ աշխատությունը ոչ միայն պատմության և դիվանագիտության ոլորտում մեծ դերակատարում կունենա, այլև ուսանողներին օգտակար կլինի: Դա շատ կարևոր է ինձ համար»,- ասաց պրոֆեսորը և երիտասարդ համալսարանականներին հորդորեց շատ կարդալ, քանի որ պետության վաղվա օրը հենց երիտասարդ սերնդից է կախված:

Ի դեպ, բանախոսներն ընդգծում էին պրոֆեսորի և մեծ դիվանագետի ոչ միայն մասնագիտական հմտությունները, այլև մարդկային արժանիքները՝ նրան բնորոշելով որպես աշխատասեր և նպատակասլաց անձնավորություն:

«Չնայած զբաղվածությանն ու ծանրաբեռնվածությանը՝ Արման Կիրակոսյանը հավատարիմ է մնում գիտնականի և նամանավանդ պատմաբանի իր կոչմանը և գրիչը երբեք վայր չի դնում, ինչի համար շնորհակալ ենք նրան և հույս ենք հայտնում, որ մոտ ապագայում նոր գրքի շնորհանդեսի մասնակիցը կլինենք»,- հավելեց Արամ Սիմոնյանը:

Հարկ է նշել, որ ԵՊՀ հրատարակչության ջանքերով լույս տեսած աշխատությունը նախատեսված է պատմաբանների, թուրքագետների, քաղաքագետների, դիվանագետների, ուսանողների, ինչպես նաև հանրապետության և Սփյուռքի ընթերցողների լայն շրջանակի համար:

Հավելենք նաև, որ գիրքը նվիրվում է 1915 թ.-ի Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին: