ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
ՎԱՉԵ ՍՄԲԱՏԻ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
Գրականագետ,
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս


Ծնվել է 1919թ. փետրվարի 25-ին Նոր Բայազետում (այժմ` Գավառ): 1936թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը, 1941թ.` ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը: Հայրենական մեծ պատերազմի տարիներին մեկնել է բանակ, մասնակցել Հյուսիսային Կովկասում մղված մարտերին: 1946-1948թթ. սովորել է ԵՊՀ ասպիրանտուրայում:

1953թ. պաշտպանել է թեկնածուական, 1968թ.` դոկտորական ատենախոսություն: 1969թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1971թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1994թ.` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:

1948-ից շուրջ կես դար Վ.Նալբանդյանը դասավանդել է ԵՊՀում: 1948-1950թթ. աշխատել է որպես ՀԿԿ Երևանի Կիրովյան շրջկոմի քարտուղար, 1950-1952-ին` ՀԿԿ Երևանի քաղաքային կոմիտեի կուսակցական օրգանների բաժնի վարիչ:

1952-1953թթ. եղել է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն, 1953-1956թթ.` ՀԿԿ Կենտկոմի կուսակցական օրգանների բաժնի վարիչ, 1956-1965թթ.` ԵՊՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1965-1977թթ` ՀԽՍՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, իսկ 1978-1998թթ.` ՀԽՍՀ ԳԱ հիմնարար գիտական գրադարանի տնօրեն:

Վ.Նալբանդյանն զբաղվել է հայոց հին և միջնադարյան գրականության պատմության հարցերով: Արժեքավոր են նրա «Եղիշե» (Եր., 1962, 1972), «Վարդանանց պատերազմը և Դ.Դեմիրճյանի «Վարդանանքը» (ռուս., Եր., 1965), «Թբիլիսին հայ մատենագրության մեջ» (Եր., 1958, 1961, վրաց., 1959), «Գրողը և պատմությունը» (Եր., 1970), «Գրիգոր Նարեկացի» (Եր., 1990), «ՍայաթՆովա» (Եր., 1987) ուսումնասիրությունները:

Հեղինակ է «Համաշխարհային գրականության պատմություն» ռուսերեն գրքի հայ գրականության բաժնի, համահեղինակ` «Հայ գրականություն» ռուսերեն բուհական դասագրքի:

1958-1967թթ. Վ.Նալբանդյանը եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի տեղակալ, 1954-1963թթ.՝ ՀԿԿ Կենտկոմի անդամ, 1956-1958թթ.` ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի անդամության թեկնածու, ՀԽՍՀ IV-VII գումարումների
Գերագույն խորհրդի պատգամավոր:

1966-ից գրողների միության անդամ էր:

Պարգևատրվել է Հայրենական մեծ պատերազմի II աստիճանի շքանշանով ու մեդալներով:

Վ.Նալբանդյանը վախճանվել է 1998թ. փետրվարի 28-ին Երևանում:

ԵՊՀ-ում հրատարակված գրքերը