ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
ՎԱՀԱՆ ՄԱՐԳԱՐԻ ԱՐԾՐՈւՆԻ
Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Ծնվել է 1857թ. հունիսի 10-ին Նոր Բայազետում (այժմ՝ Գավառ): Մինչև 8-րդ դասարանը սովորել է Թիֆլիսի 1-ին գիմնազիայում, այնուհետև մեկնել է Փարիզ և 1885թ. ավարտել Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը:

1889թ. Վ.Արծրունին վերադարձել է Թիֆլիս և նշանակվել քաղաքի սանիտարական բժիշկ, միաժամանակ աշխատել քաղաքային բուժարանում որպես քիթ-կոկորդի և ականջի հիվանդությունների բժիշկ, ըստ որում` աղքատ հիվանդներին բուժել է անվճար: 1892-1893թթ. նա խոլերայի համաճարակի դեմ մղվող պայքարի ակտիվ կազմակերպիչներից էր:

Քաղաքացիական պատերագմի տարիներին Վ.Արծրունին Պյատիգորսկում կարմիրբանակայիննե րի համար ստեղծված թիվ 15 վարակիչ հիվանդությունների հոսպիտալի գլխավոր բժիշկն էր: 1920թ. նա Թիֆլիսի զինվորական հոսպիտալում աշխատել է որպես խորհրդատու և փորձագետ, եղել է Հայաստանի Կարմիր խաչի ընկերության վարչության փոխնախագահ, հետադայում` նախագահ:

1922-ից նա ղեկավարել է նախ` ԵՊՀ բժշկական ֆակուլտետի, ապա բժշկական ինստիտուտի անատոմիայի ամբիոնները: 1926թ. Վ.Արծրունուն շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1936թ. նա ստացել է բժշկական գիտությունների դոկտորի աստիճան:

Նա լայն գործունեություն է ծավալել նաև դպրոցականների առողջապահության ասպարեգում և իրավամբ համարվում է դպրոցական հիգիենայի հիմնադիրներից մեկը Հայաստանում: Նրա նախաձեոնությամբ մի շարք դպրոցներում մտցվեց առողջապահության և ֆիզկուլտուրայի դասավանդում:

Վ.Արծրունին հրատարակել է շուրջ 30 բժշկական հանրամատչելի գրքույկներ, «Առողջապահիկ թերթ»-ը (1903-1905):
Դպրոցներում կատարած երկարամյա ուսումնասիրությունների հիման վրա հրատարակել է նաև «Դպրոցական առողջապահություն»(1895) արժեքավոր աշխատությունը: 1922թ. նա ապակետիպով հրատարակել է «Մարդակազմություն»դասագիրքը: Հեղինակ է նաև «Պատրանք» և «Աղջիկը» վեպերի:

Մեծ են նրա ծառայությունները նաև բժշկական տերմինաշինության ասպարեզում: 1924թ. նա հրատարակել է «Ռուս-լատին-հայ բժշկագիտական տերմինների բառարան» մեծարժեք աշխատությունը, որը շարունակում է մնալ ուսանողեերի և բժիշկների սեղանի գիքքը:

1930թ. Վ.Արծրունին արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման, պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» (1943) մեդալով:

Վախճանվել է 1947թ. հուլիսի 29-ին Երևանում:

Վ.Արծրունու բրոնզաձույլ կիսանդրին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի նախասրահում խորհրդանշում է ականավոր գիտնական-մանկավարժի դերը համալսարանական գիտության և կրթության սկզբնավորման գործում:
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը