ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
ՎԱՀԱՆ ՀԱՐՈւԹՅՈւՆԻ ՌՇՏՈւՆԻ
Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1894թ. փետրվարի 6-ին Վաղարշապատում` Ռշտունիքից գաղթած ընտանիքում: 1915թ. ավարտելով Էջմիածնի Գևորգյան ճեմարանը` Վ.Ռշտունին մինչև 1919թ. դասավանդել է Թավրիզի, ապա Ախալցխայի, Սուխումի, Թիֆլիսի հայկական դպրոցներում: 1919-1924թթ. սովորել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտի հասարակական գիտությունների ֆակուլտետում: 1924թ. վերադարձել է հայրենիք և 1925-ից աշխատանքի հրավիրվել մայր բուհում` 40 տարի անընդմեջ ղեկավարելով ԽՍՀՄ պատմության` իր հիմնադրած ամբիոնը, վարել նաև պատմության ֆակուլտետի դեկանի ու ԵՊՀ ուսումնական մասի վարիչի պաշտոններ: Նա միաժամանակ երկար տարիներ աշխատել է ԽՍՀՄ ԳԱ հայկական բաժանմունքում և ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում:

Վ.Ռշտունին իր ուշադրությունը սևեռել է հայոց պատմության նոր և նորագույն ժամանակաշրջանի հիմնահարցերին, լուսաբանել հայ պատմաբանների տեսադաշտից դուրս մնացած ու գրեթե չուսումնասիրված մի շարք հիմնախնդիրներ, որոնք առնչվում են Անդրկովկասում և առաջին հերթին Արևելյան Հայաստանում 1861-1870թթ. կայսերական Ռուսաստանի կառավարության իրականացրած վերափոխումներին, հայ գյուղացիության և հայ հասարակականքաղաքական հոսանքների պատմությանը:

1940թ. Վ.Ռշտունին պաշտպանել է թեկնածուական, իսկ 1941թ. Մոսկվայում` դոկտորական ատենախոսություն: 1944թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1956թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ:

1952-1953թթ. Վ.Ռշտունին հալածվել է «Միասնական հոսանք»-ին պատկանելու մեղադրանքով, սակայն չի հրաժարվել իր սկզբունքներից:

Հեղինակ է շուրջ 40 աշխատության: Առանձնապես արժեքավոր են նրա «Գյուղացիական ռեֆորմը Հայաստանում 1870թ.» (Եր., 1947), «Գյուղացիական շարժումները Հայաստանում 19-րդ դարում» (ռուս., Եր., 1948), «Ուրվագծեր Հայաստանի գյուղացիության պատմության (1828-1917թթ.)» (3 մասով, Եր., 1960, 1968), «Հայ հասարակական հոսանքները և 1861, 1864, 1870թթ. գյուղացիական ռեֆորմը» (Եր., 1956), «Հայ հասարակական հոսանքների պատմությունից. 19-րդ դարի 2-րդ կես, հետռեֆորմյան շրջան» (Եր., 1956) ծավալուն աշխատությունները:

Նրա ղեկավարությամբ պաշտպանվել է թեկնածուական 20 ատենախոսություն:

1946թ. Վ.Ռշտունին արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի կոչման: 1956թ. պարգևատրվել է Լենինի շքանշանով:

Վախճանվել է 1970թ. փետրվարի 4-ին Երևանում:
ԵՊՀ-ում հրատարակված գրքերը