ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Նորություններ
ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԱՆՎԱՆԻ ՑԵՂԱՍՊԱՆԱԳԵՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր համալսարանականներին էր հյուրընկալվել անվանի բանասեր, ազգագրագետ, ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանը:

ԵՊՀ Ե. Չարենցի անվան դահլիճում անցկացված միջոցառումը նախաձեռնել էր Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ռոմանական բանասիրության ամբիոնը:

Անվանի բանասերի ու ցեղասպանագետի ներկայությունը Մայր բուհում ուղեկցվեց բուռն ծափահարություններով: Ներկա դասախոսները, անվանի գիտնականներն ու երիտասարդ սերնդի ներկայացուցիչները Սվազլյանին համարեցին կենդանի լեգենդ: Հարկ է ընդգծել, որ անվանի գիտնականը մեծ ներդրում է ունեցել ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության ներկայացման գործում: Այդ են վկայում նրա տասնյակ ուսումնասիրություններն ու գրքերը, որոնք մինչ օրս շարունակվում են լույս տեսնել ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում:

Ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչ Հասմիկ Բաղդասարյանը անդրադարձավ ինչպես Վերժինե Սվազլյանի գիտական ու մանկավարժական գործունեությանը, այնպես էլ նրա «Հայոց ցեղասպանություն. ականատես վերապրողների վկայությունները» գրքին և տարբեր լեզուներով թարգմանություններին: Տիկին Բաղդասարյանը միաժամանակ ընդգծեց, որ անվանի ցեղասպանագետը շարունակում է մինչ օրս նոր բացահայտումներ անել:

Ելույթ ունեցավ նաև տիկին Սվազլյանը: Նա նշեց, որ ինքը հոր` Գառնիկ Սվազլյանի պատգամն է իր մեջ կրում և իր հաջողությունների համար պարտական է հենց իրեն. «Հայրս միշտ ինձ ասում էր. «Հայրենասիրությունն արժանապատվության խնդիր է: Եվ իսկապես, եթե արժանապատվություն չունես, ուրեմն քեզ հայրենասեր չես կարող համարել: Հորս պարտավորեցնող խոսքերն էլ նպաստեցին, որպեսզի ես ձեռնամուխ լինեի հետագայում ուսումնասիրելու Հայոց ցեղասպանության թեման»:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ նաև «Ծաղիկ թարգմանությանց» գրքի շնորհանդեսը: Գիրքն ընդգրկում է Ռոմանական բանասիրության ամբիոնի իսպաներենի և իտալերենի բաժինների մի քանի դասախոսների և 23 ուսանողների թարգմանությունները՝ իսպաներենից-հայերեն, իտալերենից-հայերեն, և հակառակը: Ժողովածուն ընդգրկում է Եղեռնի թեմային առնչվող տարբեր գրական ստեղծագործություններ, Եղեռնը վերապրածների հուշեր և պատմական փաստաթղթեր, որոնք առաջին անգամ են ներկայացվում տվյալ լեզուներով: Գիրքը հրատարակվել է ԵՊՀ հրատարակչությունում:

Հասմիկ Բաղդասարյանը նշեց, որ ժողովածուի նպատակն է խրախուսել ուսանողների թարգմանական առաջին քայլերը, քանի որ այն կարող է օգտակար լինել «Թարգմանության տեսություն և պրակտիկա» դասընթացի համար: