ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
ՎԼԱԴԻՄԻՐ ՍԱՐԳՍԻ ՍԱՐԳՍՅԱՆ
Մեխանիկոս,
ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս,
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ


Ծնվել է 1935թ. հունիսի 25-ին Նախիջևանի Ջուղա քաղաքում: 1938թ. ընտանիքը տեղափոխվել է Երևան: 1952թ. ավարտել է թիվ 17 դպրոցը, 1957թ.` ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի մեխանիկայի բաժինը և նշանակվել մեխանիկայի ամբիոնի ասիստենտ: 1959թ. ընդունվել է ԵՊՀ ասպիրանտուրա, 1962թ. Մոսկվայում պաշտպանել թեկնածուական ատենախոսություն: 1961-1963թթ. աշխատել է ԵՊՀ բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնում որպես ավագ դասախոս, 1964-ից` առաձգականության և պլաստիկության տեսության ամբիոնի դոցենտ:

1972թ. Վ.Սարգսյանը Կազանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, 1973թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում: 1978-2003թթ. եղել է հոծ միջավայրի մեխանիկայի ամբիոնի վարիչ: 1986թ. ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1996թ.` ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:

1988-1990թթ. և 1996-2007թթ. Վ.Սարգսյանը եղել է մեխանիկայի ֆակուլտետի դեկան, 1990-1992թթ.` ԵՊՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, 1993-1994թթ.` ՀՀ ԳԱԱ մեխանիկայի, ինֆորմատիկայի և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոսքարտուղարի պաշտոնակատար:

Վ.Սարգսյանի գիտական հետազոտությունները վերաբերում են անիզոտրոպ, անհամասեռ մարմինների մեխանիկայի հարցերին, մասնավորապես` կոմպոզիտ նյութերից պատրաստված կառուցվածքների ամրությանը, դրանց ձևի ու նյութի օպտիմալ նախագծմանը, անհամասեռ անիզոտրոպ սալերի ու թաղանթների կայունությանը, տատանումների, ծռման, ջերմառաձգականության ու հարվածի տեսությանը:

Վ.Սարգսյանի ստացած հիմնարար արդյունքները ամփոփված են 7 մենագրությունում, շուրջ 320 գիտական
աշխատանքներում ու հոդվածներում: Նա հեղինակ է նաև 12 ուսումնական ձեռնարկների և դասագրքերի, որոնցից են` «Հոծ միջավայրի մեխանիկա» (Եր., 1984), «Հոծ միջավայրի մեխանիկայի խնդիրների լուծման մոտավոր մեթոդներ» (Եր., 1985): Համահեղինակ է «Կառուցվածքների օպտիմալ նախագծման տեսություն և կիրառություններ» (Եր., 1990), «Ասիմպտոտիկ մեթոդները պինդ մարմնի մեխանիկայում» (Եր., 1989) ուսումնական ձեռնարկների, «Տեսական մեխանիկայի խնդիրների լուծման ուղեցույց» (Եր., 1969) քառահատոր ժողովածուի և այլն:

Վ.Սարգսյանը դասախոսություններ է կարդացել Չեխոսլովակիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Գերմանիայի, Եգիպտոսի, Սիրիայի, ինչպես նաև ԱՊՀ երկրների մի շարք համալսարաններում, զեկուցումներով հանդես եկել միջազգային գիտաժողովներում (Գերմանիա, Բուլղարիա, Ռումինիա, Չինաստան, Չեխիա, Սլովակիա, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա և այլն):

Շուրջ 30 տարի Վ.Սարգսյանը ղեկավարել է ԵՊՀում գործող ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան շնորհող մասնագիտական խորհուրդը: 1982-1991թթ. եղել է «Մեխանիկա» միջբուհական հանդեսի խմբագիր, գիտության և տեխնիկայի գծով ԽՍՀՄ պետական կոմիտեի «Կոնստրուկտիվ ամրություն և քայքայում» գիտական խորհրդի անդամ, ԽՍՀՄ ԲԿՆ մեխանիկայի գիտամեթոդական հանձնաժողովի անդրկովկասյան տարածաշրջանի նախագահ:

Վ.Սարգսյանի ղեկավարությամբ ու խորհրդատվությամբ պաշտպանվել է թեկնածուական 49 և դոկտորական 11
ատենախոսություն:

1981թ. Վ.Սարգսյանն արժանացել է ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործչի, իսկ 2007թ.` «ԵՊՀ ամբիոնի պատվավոր վարիչ» կոչման: Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով (1999թ.):