Երկու հարյուրից ավելի անուն գրքերի ցուցահանդեսում առանձին ցուցադրված էին նաև Հայկական հարցին և Հայոց ցեղասպանությանը նվիրված գրքեր, որոնք հրատարակվել են վերջին 3 տարիների ընթացքում:
Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ նախագահ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, խորհրդի անդամները, ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ու ստորաբաժանումների ղեկավարներ և ուրիշներ:
«Գործունեության 95 տարիների ընթացքում հրատարակչությունը հրատարակել է մոտ 2500 հեղինակի ավելի քան 5500 անուն գիրք և շուրջ 1 մլն էջ գիտական նյութ: 1920 թ-ին տպագրված առաջին գիրքը եղել է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Վիլյամ Ջեյմսի «Հոգեբանություն» դասագիրքը»,- հպարտությամբ նշում է հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը:
Այս տարի հրատարակչությունը մասնակցել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում կազմակերպված միջազգային ֆորումի ժամանակ կայացած գրքերի ցուցահանդեսին, ինչպես նաև սեպտեմբերի 24-ից 26-ը կազմակերպված «ArmBook Expo» գրքի միջազգային ցուցահանդեսին: Ցուցահանդեսին մասնակցում էին ավելի քան 50 երկրների 100-ավոր հրատարակչություններ, և ներկայացված էր վերջին 3 տարիներին լույս տեսած՝ բացառապես Հայկական հարցին և Հայոց ցեղասպանությանը նվիրված գրականություն: Ի դեպ, Հայաստանում այդ թեմայով ամենաշատ գրքերը (34 անուն) հրատարակել էր ԵՊՀ-ն (ԵՊՀ հրատարակչությանը հաջորդում էին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և «Զանգակ 97» հրատարակչությունը՝ համապատասխանաբար 18 և 14-ական անուն գրքերով):
Այս տարի ԵՊՀ հրատարակչությունը մասնակցել է նաև Փարիզի, Լոնդոնի, Նյու Յորքի և Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառներին: Ֆրանկֆուրտում կայացած գրքի տոնավաճառին, որն աշխարհում ամենամեծն է, ներկայացված էր 27 անուն գիրք Հայաստանի, Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության մասին:
Հավելենք, որ այս տարի գործարկվել է հրատարակչության նոր կայքը՝ http://publishing.ysu.am/, որում տեղադրվում են նոր լույս տեսած, շուտով լույս տեսնող գրքերը, ինչպես նաև թարմացվում են նախկին տարիներին լույս տեսած գրքերը:
Այս տարի ևս հրատարակվել է նոր լույս տեսած գրքերի կատալոգը, ֆակուլտետներում կազմակերպվել են դրանց շնորհանդեսները:
«Անցնող տարում ընդլայնվել է համագործակցությունը Եվրոպական համալսարանների հրատարակչությունների ասոցիացիայի հետ, լիիրավ անդամության համար պաշտոնապես ներկայացվել են անհրաժեշտ փաստաթղթերը: Շարունակել ենք նաև հրատարակված գրքերի թվանշայնացման, ինչպես նաև Android, iOS օպերացիոն համակարգերի և Kindle-ի համար նախատեսված էլեկտրոնային գրքերի ստեղծման աշխատանքները»,- նշում է պարոն Գրիգորյանը: