Հանդիպմանը, բացի Մայր բուհի ռեկտորից, պրոռեկտորներից եւ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներից, մասնակցում էին նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնադրամի հայկական բաժանմունքի նախկին տնօրեն Զավեն Եկավյանը, «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը եւ այլ մտավորականներ ու պաշտոնատար անձինք:
Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ով ողջունեց մասնակիցներին եւ իր խորին շնորհակալությունը հայտնեց բոլոր նրանց, ովքեր անձնուրաց աշխատում են ի շահ հայ գրքի ստեղծմանը, զարգացմանն ու տարածմանը: «ԵՊՀ հրատարակչությունը մեր հանրապետության ամենահին հրատարակչությունն է, որը մեծ ավանդ ունի գրքի տպագրության, տարածման եւ ընդհանրապես բնակչության կրթության բնագավառում: Սա, թերեւս, միակ հրատարակչությունն է, որն ընդգծված ուղղվածություն ունի գրքի տպագրության գործում: Մեր հրատարակչությունը մեծ երախտիք ունի նաեւ հայ մտավորականի կրթության ու զարգացման գործում»,- իր բացման խոսքում նշեց Արամ Սիմոնյանը:
Ներկաներին ողջունեցին, շնորհավորեցին եւ ԵՊՀ հրատարակչությանն իրենց շնորհակալական խոսքերն ուղղեցին նախարար Հասմիկ Պողոսյանը, Զավեն Եկավյանը, Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը եւ «Բանբեր Երեւանի համալսարանի» հանդեսի գլխավոր խմբագիր Հրաչիկ Միրզոյանը: «Ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ մասնակցելու այս գեղեցիկ միջոցառմանը: Շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր ինչ-որ կերպ առնչվում են այս ազգանպաստ գործին: Հպարտ եմ իմ շատ սիրելի Մայր բուհի ցանկացած ձեռքբերումով ու հաղթանակով»,- ասաց նախարար Հասմիկ Պողոսյանը:
Միջոցառման վերջում Հասմիկ Պողոսյանը ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալներ եւ պատվոգրեր հանձնեց ԵՊՀ հրատարակչության տնօրեն Պերճ Ստեփանյանին եւ «Գալուստ Կյուլպենկյան» հիմնադրամի հայկական բաժանմունքի նախկին տնօրեն Զավեն Եկավյանին: Մատենադարանի տնօրենությունը՝ ի դեմս տնօրենի խորհրդական Գուրգեն Գասպարյանի, Պերճ Ստեփանյանին պարգեւատրեց Մատենադարանի «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով, իսկ Զավեն Եկավյանին շնորհեց հայ գրատպության առաջնեկի՝ Հակոբ Մեղապարտի հրատարակած «Ուրբաթագրքի» հուշանվերային հրատարակությունը:
Հավելենք, որ միջոցառման ամբողջ ընթացքում ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 5-րդ հարկում առանձին փեղկերով ցուցադրված էին ԵՊՀ հրատարակչության եւ «Գալուստ Կյուլպենկյան» հիմնադրամի կողմից հրատարակված մի շարք արժեքավոր գրքեր: