ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը, Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանը, Հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը և մի քանի համալսարանականներ ևս մայիսի 16-ին այցելեցին Վանաձորի պետական համալսարան, որտեղ մինչ այդ ԵՊՀ հրատարակչության անունից որպես նվիրատվություն հարյուրավոր արժեքավոր գրքեր էին ուղարկվել: Կազմակերպվել էր նաև գրքերի ցուցադրություն: Ի դեպ, բուհը բոլորովին վերջերս է ինստիտուտի կարգավիճակը փոխարինել համալսարանով:
«Գյումրի ևս այցելել էինք գրքեր նվիրաբերելու համար: Գյումրին, Վանաձորը և հանրապետության մարզային բուհերը զգում են այդ գրքերի կարիքը, ուսանողության համար էլ դրանք իսկական թարմություն են բերում, իսկ ԵՊՀ հրատարակչությունը պատրաստակամ է ոչ միայն նվիրատվություն կազմակերպելու, այլև հրատարակելու այս բուհերի դասախոսների աշխատանքները»,- ասում է ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը՝ հավելելով, որ 300-ից ավելի կտոր գրականությունը, որը Վանաձոր էր հասել, հաստատապես օգտակար կլինի թե՛ բուհի ուսանողներին, թե՛ դասախոսներին:
ԵՊՀ հրատարակչության այս նախաձեռնության նպատակն է մարզային բուհերի համար հասանելի դարձնել այս նոր գրականությունը, իսկ ցուցահանդեսներն այդ բուհերի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին թույլ կտան ծանոթանալ գրադարանները համալրող գրականությանը:
«Ուրախ ենք և շնորհակալ ԵՊՀ հրատարակչությանն արժեքավոր նվերի համար: Այսօր էլ գիրքը մեծ արժեք ունի, այսօր էլ այն դաստիարակիչ նշանակություն ունի, այսօր էլ այն մեզ՝ դասախոսներիս և ուսանողների համար կարևոր է: Վերակազմավորված այս բուհը վերջին անգամ այսպիսի օգնություն ստացել էր տասնամյակներ առաջ, այնպես որ` շատ շնորհակալ ենք ուշադրության համար»,- նշում է Վանաձորի պետական համալսարանի պրոռեկտորը:
Վերջին տարիներին ԵՊՀ հրատարակչության ջանքերով և Գալուստ Գյուլպենկյան հիմնարկության օժանդակությամբ լույս են տեսել հարյուրավոր գրքեր՝ մենագրություններ, բառարաններ, արդի ուսումնամեթոդական ձեռնարկներ, դասագրքեր և այլն: Քիչ չեն նաև հայ գրականության դասականների գործերը, որոնք վերահրատարակվել կամ լույս են տեսել առաջին անգամ:
«Երևանի պետական համալսարանը բազում թելերով կապված է մարզային բուհերին: Պատահական չէ, որ մեր ուսանողներից շատերը ՀՀ մարզերից եկած սաներն են: Նրանք դուրս են եկել այս շրջապատից: Մայր բուհը կարևորում է մարզային բուհերի հետ ակտիվ համագործակցությունը, և այսօր մենք այստեղ ենք, որպեսզի միասին շնորհավորենք 95-ամյակը բոլորած Մայր բուհին»,- ասում է գրականագետ Սամվել Մուրադյանը:
Վանաձորի պետական համալսարանի գրադարանավարուհի տիկին Վարսինեն էլ խոստովանում է, որ տպավորված է գրքերի քանակով. «Հաճախ ստիպված էինք լինում հիասթափեցնել մեր ուսանողներին, ովքեր նոր գրքեր էին փնտրում: Գրադարանի ֆոնդը քիչ չէ, սակայն այն հիմնականում ԽՍՀՄ տարիներին հրատարակված գրքերի հաշվին է հարուստ համարվում: Նոր գրքեր գրեթե չունեինք»:
Երևանից ժամանած հյուրերի համար տոնական միջոցառումն ավարտվեց Վանաձորի պետական համալսարանի սաների երաժշտական ու ասմունքի կատարումներով:
ԵՊՀ հրատարակչությունն այսքանով, սակայն, չի սահմանափակվելու. ցուցահանդես-նվիրատվություններ կկազմակերպվեն նաև Գորիսի պետական համալսարանում, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի մատենադարանում, Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական, ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիայի ինստիտուտներում:
Նվիրատվության համար նախատեսված գրքերի ցանկում կան նաև ռուսերեն, անգլերեն լեզվով աշխատություններ: