«Yerevan Book Fest»-ը կազմակերպել էր «Միհր» ստեղծագործողների միությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Առաջին անգամ անցկացվող փառատոնի հիմնական նպատակը գրահրատարակչության զարգացման խթանումն էր, ժամանակակից հայ գրականության հանրայնացումը, նոր հրատարակությունների ներկայացումը, ինչպես նաև գրող-հրատարակիչ-ընթերցող շղթայի ամրապնդումը: Գրքի ցուցահանդես-տոնավաճառին մասնակցում էին շուրջ 27 հրատարակչություններ:
ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանի խոսքով՝ շատ կարևոր է նմանօրինակ միջոցառումների անցկացումը: ԵՊՀ հրատարակչությունը հաճախ է մասնակցում գրքի տոնավաճառների նաև արտերկրում: Ըստ Կարեն Գրիգորյանի՝ եթե միջազգային տոնավաճառներում կարևոր է երկիրը հավուր պատշաճի ներկայացնելը, արտասահմանյան գործընկերների հետ կապեր հաստատելը, ապա հայաստանյան փառատոների ժամանակ կարևոր է տեղական հրատարակչությունների՝ միմյանց աշխատանքներին ծանոթանալը:
«Տաղավարում հիմնականում ներկայացված էին ուսումնական գրականություն, դասագրքեր, գիտական նոր գրքեր, հետազոտություններ: Հիմնականում ուշադրություն է դարձվել օտարալեզու գրականությանը: Մեծ թիվ էին կազմում հայագիտությանն ու Ցեղասպանությանը վերաբերող գրքերը, քանի որ գրքի երևանյան ցուցահանդես-տոնավաճառի այցելուների թվում շատ էին նաև զբոսաշրջիկները, ովքեր ցանկություն ունեն ծանոթանալու հայոց պատմությանն ու մշակույթին»,- նշեց Կարեն Գրիգորյանը:
Փառատոնին ԵՊՀ ուսանողները և ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները ներկայացան յուրատեսակ ֆլեշմոբով: Նրանք տոնավաճառի տարածքում զբոսնում և կարդում էին հատվածներ հայ մեծանուն գրողների ստեղծագործություններից՝ քարոզելով ընթերցանության տարածումը երիտասարդների շրջանում:
«Yerevan Book Fest» այցելեց նաև ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Նախարարը հույս հայտնեց, որ հաջորդ փառատոներին ավելի շատ երիտասարդ ժամանակակից գրողներ կմասնակցեն և կներկայացնեն իրենց ստեղծագործությունները:
«Իրականության մեջ մենք ունեցանք եռօրյա գրքի և հրատարակչության երևանյան հրաշալի հրավառություն, որը մեզ պարգևեց ավելի շատ լույս, ավելի շատ ջերմություն և կարողացավ կողք կողքի բերել հրատարակչին ու գրողին, ընթերցողին ու գրքին: Ամեն տարի գոնե մեկ անգամ կարող ենք այս ձևաչափով կամ ավելի մեծ մասշտաբով հավաքվենք և ի մի բերենք այն աշխատանքը, որ կատարել ենք այդ ընթացքում: Ես վստահ եմ, որ եկող տարի գրքի ցուցադրությունը կդառնա հանրապետական՝ միջազգային դառնալու միտումով»,- նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Փառատոնի կարևոր բաղադրիչը ժամանակակից հայ գրականության ներկայացուցիչների մրցանակաբաշխությունն էր։ Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել բոլոր ցանկացողները՝ առանց տարիքային սահմանափակման։ Մրցույթին մասնակցելու համար ստացվել էր շուրջ 133 հայտեր: Հեղինակները մրցույթին ներկայացրել էին ապագա գրքից մի հատված։ Հայ ժամանակակից գրականության մրցութային ուղղություններն էին՝ արձակ, պոեզիա, դրամատուրգիա, մանկապատանեկան գրականություն:Հաղթողները ստացան ֆինանսական աջակցություն գրքերը հրատարակելու համար:
Եռօրյա փառատոնի ընթացքում տեղի ունեցան գրքերի շնորհանդեսներ, ընթերցումներ, քննարկումներ և վարպետության դասեր: Անցկացվեց նաև բարեգործական գրքահավաք, որի արդյունքում ձեռք բերված 223 գիրք նվիրաբերվեց սահմանամերձ Բաղանիս գյուղի դպրոցի գրադարանին: