Հոկտեմբերի 14-ից Գերմանիայի Դաշնության Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում մեկնարկել է միջազգային հրատարակչական ոլորտի ամենամեծ` 67-րդ Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառը: Այն կշարունակի գործել մինչև հոկտեմբերի 18-ը:
Մասնակցելով աշխարհի խոշորագույն տոնավաճառին՝ աշխարհի հարյուրավոր երկրների բազմաթիվ հրատարակչություններ ներկայացնում են իրենց աշխատանքները: Գրքի շուկայում վերջին նվաճումներին ծանոթանալու և իրենց արտադրանքն այս տարի ներկայացնելու էին եկել ավելի քան 100 երկրների 7100-ից ավելի հրատարակիչներ։ Տոնավաճառի այցելուների թիվն արդեն անցել է 270.000-ի շեմը: Իսկ ահա 9300 հավատարմագրված լրագրողներ հնարավորություն են ունեցել լուսաբանելու գրքի հետ կապված` աշխարհի ամենամեծ իրադարձությունը: Ընդ որում՝ աշխարհի տարբեր երկրներից Մայնի Ֆրանկֆուրտ են ժամանել նաև շուրջ 1000 հեղինակներ։
Հարկ է նշել, որ ցուցադրության առաջին երեք օրերի ընթացքում տոնավաճառը բաց կլինի պրոֆեսիոնալների այցելության համար: Այնուհետև «Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառ-2015»-ի շրջանակում անցկացվել են շուրջ 3500 միջոցառումներ` շնորհանդեսներ, գրական ընթերցումներ, հեղինակների հետ հանդիպումներ, քննարկումներ, համերգներ և այլն: Բարի ավանդույթի համաձայն՝ այս տարվա տոնավաճառը նույնպես ունեցել է պատվո հյուր. նախաձեռնողները ընտրել են Ինդոնեզիային:
Ինչ վերաբերում է ԵՊՀ հրատարակչության մասնակցությանը գրքի միջազգային տոնավաճառին, ապա նշենք, որ այս տարի ցուցադրության է ներկայացվել ավելի քան 30 անուն գիրք: Հաշվի առնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հանգամանքը՝ հրատարակչությունն այս տարի կենտրոնացել է հենց այն գրքերի ներկայացման վրա, որոնք հիմնականում վերաբերում են Հայոց ցեղասպանությանը, Հայկական հարցին:
Այդ տեսանկյունից հատկապես կարևորվել է ԵՊՀ դասախոս Սիլվա Խասապետյանի «Ցեղասպանագիտության եզրույթների բառարան. հայերեն-անգլերեն և անգլերեն-հայերեն»-ի լույսընծայումը, որտեղ ներառվել են միայն այն տերմինները, որոնք առնչվում են Հայկական հարցին ու Ցեղասպանությանը: Բացի այդ՝ իրենց տեսակի մեջ եզակի մոտեցմամբ ընդգծվել են նաև Գոնսալո Գուարչի Հայոց ցեղասպանության եռագրության «Սպիտակ լեռը», հայտնի պատմաբան Նիկողայոս Ադոնցի «Ասույթներ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության մասին» (հայերեն, անգլերեն), հայտնի հրապարակախոս Ալեքսեյ Ջիվելեգովի «Թուրքիան և Հայկական հարցը, հոդվածների ժողովածու»-ի և Լեոյի` վերահրատարակված «Հայկական հարցի վավերագրերը» գրքերի տպագրումը:
Հայաստանյան տաղավարն առանձնացել է իր գրքերի բազմազանությամբ, որում ներկայացվել են պետական աջակցությամբ և մասնավոր հրատարակչությունների՝ վերջին տարիներին տպագրած լավագույն նմուշները: ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բավականին տպավորիչ են եղել տոնավաճառի կազմակերպման ձևաչափն ու ընդգրկումը, բացի այդ` նմանաբնույթ ցուցահանդեսները հնարավորություն են տալիս նաև գտնելու բիզնես գործընկերներ:
Կարեն Գրիգորյանի հավաստմամբ՝ այս տարին հատկանշական է նրանով, որ օտարազգի այցելուները հետաքրքրվում են Հայաստանի և Հայոց ցեղասպանությանը վերաբերող գրքերով. «Այսօր Հայաստանի, Հայկական հարցի ու հայերի վերաբերյալ գրքերը շատ են, բայց դրանք հիմնականում հայոց լեզվով են: Մենք օտարազգի ընթերցողին այդ ամենն այլ լեզուներով ներկայացնելու խնդիր ունենք (խոսքը վերաբերում է նաև մասնագիտական գրականությանը): Տոնավաճառին մեր մասնակցության երկու տարվա փորձը ցույց է տալիս, որ օտարազգի ներկայացուցիչները հենց այդ պահանջով են այցելում հայկական տաղավար: Այդ ամենն էլ հաշվի առնելով՝ շուտով մենք նախաձեռնելու ենք օտարալեզու գրքերի հրատարակություն, չնայած որոշ դեպքերում այդ ամենին նպաստում են նաև մեր` անգլերենով տպագրվող գիտական ամսագրերը»: