Այսօր «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում Հայաստանի ազգային գրադարանը հասարակությանը ներկայացել էր «ArmBookExpo» երկրորդ ցուցադրությամբ, որին 53 երկրից ավելի քան 32 լեզուներով ներկայացված էր մոտ 5400 միավոր գրականություն: Ի տարբերություն առաջին անգամ դեռ 2012 թ.-ին անցկացված «ArmBookExpo» ցուցահանդեսի, որը տեղի էր ունեցել Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու և Հայ գրատպության 500-ամյակի միջոցառումների շրջանակում, այս տարի այն անցկացվում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում:
«ArmBookExpo» ցուցահանդեսին մասնակցում էր նաև ԵՊՀ հրատարակչությունը, որի գրքերը ներկայացված էին Հայաստանում և Արցախում հրատարակված գրքերի ցուցասրահում: Ըստ ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանի` ցուցահանդեսին ներկայացված է վերջին 2-3 տարիներին հրատարակված շուրջ 50 անուն գիրք:
«ԵՊՀ հրատարակչության կողմից ներկայացված գրքերը, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանությանը, Հայկական հարցին ու ընդհանրապես Հայաստանին, հիմնականում պատմագիտական բնույթ ունեն: Իհարկե, կան նաև գեղարվեստական գրքեր, որոնց թվում կառանձնացնեի վերջերս լույս տեսած իսպանացի գրող Գոնսալո Գուարչի «Սպիտակ լեռը» վեպը` հեղինակի եռագրության վերջին աշխատանքը»,- նշեց ԵՊՀ հրատարակչության տնօրենը` հավելելով, որ վերջին տարիներին Մայր բուհի հրատարակչությունը բավականին ակտիվ գործունեություն է իրականացնում` հրատարակելով համալսարանականների հիմնականում գիտական աշխատանքները:
ԵՊՀ հրատարակչությունը, ըստ Կարեն Գրիգորյանի, այժմ էլ պատրաստվում է հոտեմբերին Ֆրանկֆուրտում և Բեյրութում կայանալիք գրքերի խոշոր ցուցահանդեսներին:
Հարկ է նշել, որ սեպտեմբերի 24-ից 26-ը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում անցկացվող «ArmBookExpo» ցուցահանդեսին տաղավարները ներկայացված են ըստ երկրների` այբբենական կարգով: Հրատարակություններով ակնառու են ԱՄՆ-ն (641 միավոր), Ֆրանսիան (390 միավոր), Լիբանանը (365 միավոր), Ռուսաստանը (298 միավոր), Թուրքիան (265 միավոր), Մեծ Բրիտանիան (139 միավոր), Ռումինիան (131 միավոր), Իրանը (108 միավոր): Ներկայացված 5400 միավոր գրականությունից շուրջ 2800-ը հրատարակված է Հայաստանում և Արցախում: Ցեղասպանության թեմայով ընդգրկվել է 2275 միավոր գիրք: