Փառատոնի օրերին հայաստանյան հրատարակչությունների մասնակցությամբ տեղի է ունենում գրքերի ցուցահանդես-տոնավաճառ, որին մասնակցում է շուրջ 30 հրատարակչություն:
Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես Գրքի փառատոնին մասնակցեց նաև ԵՊՀ հրատարակչությունը:
ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ համալսարանն ամեն տարի շուրջ 100 անուն գիրք է հրատարակում, որոնց մեծ մասը մենագրություններ են, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ:
ԵՊՀ հրատարակչության տնօրենի խոսքով՝ Գրքի երևանյան երկրորդ փառատոնին իրենք ներկայացրել են դասագրքեր, գիտական աշխատանքներ. «Ի ուրախություն մեզ՝ մեր տաղավարը մեծ հետաքրքրություն է առաջացնում: Նմանատիպ միջոցառումները շատ լավ հարթակ են, որպեսզի հրատարակիչը կարողանա շփվել ընթերցողի հետ, ինչպես նաև փորձի փոխանակում կատարի այլ հրատարակիչների հետ: Փառատոնը պետք է շարունակական բնույթ կրի, ամեն տարի անցկացվի, ինչպես մեր հարևան երկրների մայրաքաղաքներում՝ Թբիլիսիում և Թեհրանում են իրականացվում գրքի փառատոներ»:
Փառատոնի շրջանակում տեղի ունեցավ նաև ԵՊՀ դոցենտ Հայկ Համբարձումյանի «Սասնա ծռեր. պատում, մոտիվ, գրքային ավանդույթ» գրքի շնորհանդեսը: Այն 2018 թվականին լույս է ընծայել ԵՊՀ հրատարակչությունը:
Մենագրությունը նվիրված է «Սասնա ծռեր» ազգային դյուցազներգության բանավոր տարբերակների համեմատական քննությանն ու հայ միջնադարյան գրականության և Աստվածաշնչի հետ կապերի ուսումնասիրությանը: Առաջին անգամ հայ էպոսագիտության մեջ կատարվում են էպոսի հրատարակված տարբերակների մանրազնին համեմատություն ու դասակարգում՝ ըստ երեք տիպաբանական խմբերի (Մուշ, Մոկս, Սասուն): Բոլորովին նոր մեթոդաբանությամբ առանձնացվում են միջազգային բանագիտության մեջ ընդունված էպիկական հիպերմոտիվներն ու մոտիվները, ցույց են տրվում էպոսի դիպաշարի կառուցման մեխանիզմները, կերպարակերտման սկզբունքները, ու առանձնացվում են գեղարվեստական առանձնահատկությունները: Մենագրությունն անհրաժեշտ և օգտակար կարող է լինել ինչպես հայ ժողովրդական բանահյուսության, էպիկական ավանդույթի, հայ միջնադարյան գրականության ուսումնասիրությամբ զբաղվող հայագետներին, այնպես էլ հայկական էպոսով ու միջնադարյան մշակույթով հետաքրքրվող շրջանակներին:
«Սա իմ մեկ տասնամյակ և ավելի տևած էպոսագիտական ուսումնասիրությունների հանրագումարն է: Ինձ անընդհատ ասում էին, որ հոդվածներս պետք է գիրք դառնան, բայց մտածում էի, որ գուցե պահը չի հասունացել: Մեր ազգային էպոսը մեծ է, բազմաշերտ ու խորը: Գրքի վերնագիրը եռամաս է՝ պատում, մոտիվ, գրքային ավանդույթ: Այստեղ ես նկատի եմ ունեցել գրքի երեք մասերը»,- շնորհանդեսի ընթացքում նշեց Հայկ Համբարձումյանը:
Տոնական բուքֆեստը չի սահմանափակվում միայն շնորհանդեսներով: Անցկացվում են նաև ժամանակակից գրականության ընթերցանություններ և համերգներ («ԹմբաԹա», «Բամբիռ», Լևոն Մալխասյան և «Մալխաս» ջազ բենդ):
ՀՀ մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանը բացման արարողության ընթացքում ներկաներին տեղեկացրեց, որ ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարի փառատոնի շրջանակում գործում է ցուցահանդես՝ նվիրված նշանավոր ճարտարապետ, գրքի ձևավորող ու տառաստեղծ Ֆրեդ Աֆրիկյանին: Նա նաև առանձնահատուկ շեշտեց, որ փառատոնում ընդգրկվել է հրատարակչություն Արցախից:
Փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սարգսյանը հավելեց, որ միջոցառմանը մասնակցում են ինչպես խոշոր, այնպես էլ փոքր հրատարակչություններ: Ի դեպ, կազմակերպիչները ցանկություն ունեն ավելի ընդլայնել փառատոնի սահմանները, որպեսզի իրադարձությանը մասնակցեն նաև արտերկրի հրատարակչությունները:
Սարգսյանի խոսքով՝ փառատոնը շատ կարևոր հարթակ է գրողների ու հրատարակիչների հանդիպման առումով: