ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Նորություններ
ԵՊՀ-Ն ԿՐԿԻՆ ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՈՂ ԲՈՒՀՆ Է
Երևանի պետական համալսարանն այս տարի նույնպես հաղթող է ճանաչվել «Ամենակարդացող բուհ» անվանակարգում:

Այսօր Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ ամենակարդացող բուհերին պատվոգրերի հանձնման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին նաև Մայր բուհի ներկայացուցիչները, մասնավորապես ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը և ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը:

Պատվավոր առաջին տեղում Մայր բուհն է, որի շուրջ 4 հազար ուսանողներ Իսահակյանի անվան գրադարանի մշտական ընթերցողներն են: 2-րդ տեղում է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը (3 հազար ուսանող), իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցնում է Երևանի Վ. Բրույսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը (2 հազար ուսանող):

Միջոցառման մասնակիցներին դիմավորեց գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը, ով շնորհակալություն հայտնեց բուհերին գրադարանի հետ սերտ համագործակցելու համար:

«Ես երբեք չեմ համաձայնվել այն տեսակետի հետ, որ այսօրվա երիտասարդները չեն կարդում: Իհարկե նախապատվությունը տալիս են մասնագիտական գրականությանը, սակայն դա նույնպես իր բացատրությունն ունի: Մենք, հիրավի, գիրքը գնահատող ու սիրող սերունդ ունենք, և դա է վկայում մեր այսօրվա միջոցառումը»,- ասաց Հասմիկ Կարապետյանը և հավելեց, որ գրադարանում գրանցված ընթերցողների հիմնական մասն ուսանողներ են:

Այնուհետև գրադարանի տնօրենը հանդիսավոր կերպով պատվոգիրը հանձնեց պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանին:

«Մենք հպարտ են, որ մեր ուսանողները օգտվում են ոչ միայն համալսարանի գրադարանից, այլև այլ գրադարաններ են հաճախում: ԵՊՀ-ն պատրաստակամ է ոչ միայն շարունակել համագործակցությունը, այլև ընդլայնել այն: ԵՊՀ 95-ամյակին ընդառաջ՝ ԵՊՀ հրատարակչությունն Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանին կնվիրի վերջին տարիների ընթացքում համալսարանում լույս տեսած բոլոր գրքերի մեկական օրինակ»,- նշեց Ռուբեն Մարկոսյանը:

Հասմիկ Կարապետյանը շնորհակալություն հայտնեց պրոռեկտորին և հավելեց, որ գրադարանը կկազմակերպի ԵՊՀ-ի կողմից տրամադրված գրքերի ցուցադրություն, որպեսզի ընթերցողը դրանց ծանոթանալու հնարավորություն ունենա:

Միջոցառման վերջում գրադարանի բարեկամների կողմից պատրաստված համերգային համարներին մասնակցում էր նաև ԵՊՀ մշակույթի կենտրոնի սան Մարիցա Թիլիքյանը: