ՄԵՐ ՄԱՍԻՆ
ԾՐԱԳՐԵՐ
ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հեղինակներ

Դասագրքեր

Բառարաններ

Ակադեմիական գրականություն
Նորություններ
«ԳԵՐՄԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՄԲԻՈՆՈՒՄ ԱՄՐԱՊՆԴՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԻՄ ՆՊԱՏԱԿԸ ՄԻՇՏ ԵՂԵԼ Է ՕՏԱՐԱԽՈՍ ԱՇԽԱՐՀԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ, ՀԱՅՈՑ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ». ԴՈՐԱ ՍԱՔԱՅԱՆ
Կանադայի Մոնրեալ քաղաքի ՄակԳիլ համալսարանի գերմանագիտական ամբիոնի ցկյանս պրոֆեսոր, ԵՊՀ պատվավոր դոկտոր, գերմանագետ և հայագետ Դորա Սաքայանը, ԵՊՀ 100-ամյակի կապակցությամբ հրավիրվելով Հայաստան, առիթը բաց չի թողել մեկնելուց առաջ լինելու Մայր բուհում ու իր հրատարակած վերջին գիրքը՝ «2500 proverbes arméniens traduits en français» («2.500 հայկական առածներ՝ ֆրանսերեն թարգմանությամբ»), ինչպես նաև այդ գրքի նախապես լույս տեսած անգլերեն տարբերակը նվիրելու Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանին:

Դ. Սաքայանը, որն աշխարհում ճանաչում է գտել հատկապես հայագիտությանը և կիրառական լեզվաբանությանը նվիրված իր գործերով, առաջինն էր, որ Կանադայում ուղի է հարթել հայագիտության զարգացման համար։ Չնայած պատկառելի տարիքին՝ նա շարունակում է նույն եռանդով ստեղծագործել և զարգացնել հայագիտությունը՝ օտարախոս աշխարհին ներկայացնելով հային ու հայկականը: 20 տարուց ավելի է, որ նա ամեն տարի գալիս է հայրենիք՝ ամեն անգամ իր հետ բերելով մի նոր հայագիտական գիրք կամ մի գրքի ձեռագիր, որը պատրաստ է տպագրվելու ԵՊՀ հրատարակչությունում։ Հաճախ նա գալիս է նաև կազմակերպելու միջազգային մի գիտաժողով կամ մասնակցելու լեզվաբանական գիտաժողովների, որոնցից երկուսը նվիրված են եղել նրա ծննդյան 65-ամյակին (1996 թ.) և 85-ամյակին (2016 թ.):

Ysu.am-ը հարցազրույց է ունեցել լեզվաբան ու թարգմանիչ Դ. Սաքայանի հետ։ Թեմաներն էին նրա վերջերս լույս տեսած գիրքը, ծավալած գրական գործունեությունը, հայագիտության զարգացման հարցում նրա ունեցած ավանդը և ապագա անելիքները:



Գրքերի շապիկներն անգամ հայկական են:

«Վերը նշված ֆրանսերեն առածանին ամենավերջին գիրքս է, այնքան վերջին, որ մինչև Հայաստան գալս դեռևս լույս չէր տեսել, և ինձ «UPS» փոստով այստեղ են ուղարկել գրքից տասն օրինակ: Աշխատությունն ընդգրկում է հայ առած-ասացվածքների մասին 50-էջանոց մի ներածություն և 2.500 հայկական ժողովրդական առածներ, որոնք թարգմանվել են ֆրանսերեն։ Ունեմ այդ գրքի 2009 թ. անգլերեն տարբերակը, և շուտով պետք է հրատարակվի նաև նմանօրինակ գերմաներեն մի առածանի: Ի դեպ, գրքերի շապիկների գույներն էլ հայկական դրոշի գույներն ունեն՝ կարմիր, կապույտ և ծիրանագույն: Ֆրանսերեն առածանու շնորհանդեսը դեռ տեղի չի ունեցել, նախատեսում եմ այն անցկացնել Նոր տարուց առաջ նախ Կանադայում և ապա ֆրանսախոս տարբեր երկրների կենտրոններում»,- ասաց Դ. Սաքայանը:

Օտար աշխարհում և օտարների համար բացահայտելով հային ու հայկականը:

Հայագիտական գործունեության մասին խոսելիս Դ. Սաքայանը նշեց, որ օտար երկրներում հայագիտության նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է, բայց դրա մասին օտարալեզու տեղեկագրությունը՝ խիստ սահմանափակ. «Երանի՜ թե շատ լինեին մարդիկ, որոնք օտարախոսներին կներկայացնեին մեր արժեքները: Անցյալ դարի 50-ական թվականներից մինչև 70-ական թվականները մոտ 20 տարի ԵՊՀ-ում գերմանագիտություն դասավանդելուց և միաժամանակ 10 տարի համահամալսարանական Օտար լեզուների ամբիոնը ղեկավարելուց հետո՝ 1975 թ., ես Կանադա մեկնեցի և այդ երկրի լավագույն՝ ՄակԳիլի համալսարանում աշխատանքի անցա որպես գերմանագիտության պրոֆեսոր։ Շուտով ես այնտեղ սկսեցի հայագիտությամբ զբաղվել. հայագիտական դասընթացներ ստեղծեցի, Հայագիտական 5-րդ միջազգային գիտաժողովը կազմակերպեցի և հայագիտական մենագրություններ ու հոդվածներ գրեցի: ՄակԳիլի համալսարանը ոչ միայն չառարկեց, այլև ինձ խրախուսեց և աջակցեց, քանի որ դա մի նոր ոլորտ էր, որը պետք է Կանադայում զարգանար»:

Հայագիտական գործունեության արդյունքում ստեղծվեցին երկու կարևոր գրքեր՝ «Արևելահայերենը անգլախոս աշխարհի համար» և «Արևմտահայերենը անգլախոս աշխարհի համար», որոնք շատ մեծ ճանաչում գտան։ Դրանցով են այսօր հայերեն ուսուցանում Միացյալ Նահանգների Հարվարդ համալսարանում և այլուր, ինչպես նաև Գերմանիայի, Իտալիայի, Բրազիլիայի և այլ երկրների հայտնի համալսարաններում։ Այդ դասագրքերի պահանջարկն այնքան մեծ է, որ այժմ դրանք սպառվել են և պետք է վերահրատարակվեն:

«Գերմանագիտական ամբիոնում ամրապնդվելուց հետո իմ նպատակը միշտ եղել է օտարախոս աշխարհին ներկայացնել հայոց լեզուն, հայոց բանահյուսությունը, պատմությունը և Հայոց ցեղասպանությունը»,- ասաց Դ. Սաքայանը:

Թեև գրում ու թարգմանում է մի քանի լեզուներով, բայց ամենահարազատը մայրենին է:

Նա երեք տասնյակից ավելի գրքերի ու թարգմանությունների հեղինակ է, գրում և թարգմանում է մի քանի լեզուներով՝ գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն, հունարեն, ռուսերեն, գիտի նաև թուրքերեն, սակայն ամենաշատը ստեղծագործում է արևելահայերենով ու արևմտահայերենով:

Ի դեպ, Դ. Սաքայանի ու ԵՊՀ հրատարակչության համագործակցությունն արդեն երկար տարիների պատմություն ունի։ Նա այժմ ունի 12 անուն գիրք՝ հրատարակված ԵՊՀ հրատարակչության կողմից։ Հայագետը տպագրվում է նաև աշխարհի տարբեր կենտրոնների անվանի հրատարակչություններում, ինչպես «L’Harmattan»-ը Ֆրանսիայում, «Hueber»-ը, «Gunter Narr»-ը և «Harrassowitz»-ը Գերմանիայում, «Kitab»-ը Ավստրիայում և այլն։ 1996 թ. հեղինակը Մոնրեալում հիմնել է իր սեփական՝ «Arod Books» հրատարակչությունը, որտեղ հրատարակում է իր, երբեմն էլ իր հայաստանցի գործընկերների հայագիտական գործերը։

Հայոց պատմությամբ կամ ցեղասպանագիտությամբ զբաղվելու մտադրություն չի ունեցել, բայց պատահական գտածոն նրան ցեղասպանագետ է դարձրել:

Հեղինակը Հայոց ցեղասպանությամբ սկսել է հետաքրքրվել, երբ պատահաբար իր ձեռքն է ընկել մայրական կողմից պապիկի՝ բժիշկ Կարապետ Խաչերեանի օրագիրը, որը նկարագրում է Զմյուռնիայի 1922-ի աղետը։ Այսօր «Զմյուռնիա 1922» գիրքն ամենաշատ թարգմանված ցեղասպանագիտական գիրքն է՝ մինչև օրս թարգմանված 9 լեզուներով, այդ թվում նաև՝ թուրքերեն։ Այդ շարքի գլխավոր խմբագիրը եղել է Դ. Սաքայանը։ Ի դեպ, օրագրի գերմաներեն ու անգլերեն թարգմանությունները նա անձամբ է կատարել, իսկ հունարեն, ֆրանսերեն ու ռուսերեն տարբերակների թարգմանչական աշխատանքներին նույնպես լրջորեն մասնակցել է։ «Զմյուռնիա 1922» գիրքն աշխարհում մեծ տարածում է ստացել, որի հաջողությունից ոգևորված՝ հեղինակը սկսել է աշխարհի գրադարաններում ու արխիվներում փորփրել ու նորանոր նյութեր հայտնաբերել Հայոց ցեղասպանության մասին:

«Ու այսպես, սկսեցի Գերմանիայի գրադարաններից բերել ցեղասպանությանը վերաբերող նյութեր և դրանք իմ նախկին ուսանողուհի Էվելինա Մակարյանի հետ թարգմանել գերմաներենից հայերեն, ապա լույս ընծայել ԵՊՀ հրատարակչությունում։ Դրանցից են Վիլհելմ Բաումի «Թուրքիան և նրա քրիստոնյա փոքրամասնությունները» մենագրությունը, Յակոբ Քյունցլերի երկու գրքերը՝ «Արյան և արցունքի երկրում» ու «Երեսուն տարի ծառայություն Արևելքում», Գյունթեր Ֆուքսի և Հանս-Ուլրիխ Լյուդեմանի «Մարդասպանի սպանությունը» (գրական գործ Սողոմոն Թեհլերյանի սխրանքի և դատավարության մասին)»,- նշեց հայագետը:

Ցեղասպանության թեմայով հայտնի է հեղինակի խմբագրած 2010-ի մեկ այլ գիրք՝ «ՅՈՒՇԱՐՁԱՆ Ապրիլ 11-ի», որ լույս է տեսել Ստամբուլի «Belge» հրատարակչությունում։ Այն Թեոդիկի համանուն վերնագրով հայերենով գրված գրքի երկրորդ և այս անգամ երկլեզու՝ հայերեն-թուրքերեն հրատարակությունն է, որը նվիրված է Հրանտ Դինքի հիշատակին։ Այդ գրքում երկու լեզուներով ներկայացված են ցեղասպանության առաջին 761 նահատակների կենսագրությունները։

Ցեղասպանության թեմայով հեղինակի ստեղծագործություններից ամենավերջինը և ամենահայտնին «Նրանց քշում են անապատները…» գիրքն է։ Աշխատության հիմքում ընկած են Դ. Սաքայանի կողմից շվեյցարական արխիվներից հավաքած և գոթական ձեռագրերից վերծանած, Հայոց ցեղասպանության ականատեսների՝ շվեյցարացի ամուսիններ Կլարա և Ֆրից Զիգրիստ-Հիլթիների վկայությունները։ «Նրանց քշում են անապատները...» գիրքը Սաքայանը նախ գերմաներեն է հրատարակել 2016 թ. «Limmat Verlag» շվեյցարական հայտնի հրատարակչությունում։ Գիրքը բաղկացած է երեք գլխից. առաջին երկու գլուխները նվիրված են շվեյցարացի զույգի, իսկ երրորդը՝ նրանց օգնությամբ սպանդից փրկված Հայկ Արամյանի պատմությանը։

«Գրքի հերոսուհի Կլարա Հիլթին երեք տարի շարունակ (1915-1918) օրագիր է պահել, և ես 100 տարի անց վերծանել եմ նրա ձեռագրերը: Օրագրի բովանդակությունը նորություն էր  նույնիսկ նրա թոռների համար, որոնք այդ ձեռագրերը թեպետ ունեին, բայց չէին կարողանում կարդալ, քանի որ գոթական ձեռագիրը, որով գերմանախոս երկրներում գրում էին մինչև անցյալ դարի 20-ական թվականները, նրանց անծանոթ էր»,- ասաց Դ. Սաքայանը: Գիրքն այնքան մեծ արձագանք է գտել գերմանախոս երկրներում, որ մեկը մյուսին հետևել են մինչև օրս գրված 12 դրական գրախոսականները։

 

«Նրանց քշում են անապատները…» գիրքը Դ. Սաքայանն անմիջապես թարգմանել է հայերեն, և գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը տեղի է ունեցել 2017 թ. հունիսին ԵՊՀ-ում:

 

Այս օրերին Դ. Սաքայանն ավարտել է նաև այդ գրքի անգլերեն թարգմանությունը, թեև այն դեռևս անտիպ է:

Այնուհետև հայագետը տեղեկացրեց, որ «Նրանց քշում են անապատները…» գիրքն այսօր գերմաներեն բնագրից թարգմանվում է թուրքերեն. «Պայմանագրով որոշվել է, որ ես հսկելու եմ թարգմանության ողջ ընթացքը, որպեսզի ամեն ինչ բնօրինակին համապատասխան թարգմանվի: Թուրքերեն տարբերակի հրատարակիչները հույս ունեն, որ թարգմանությունը կտարածվի ոչ միայն Թուրքիայում, այլև ամբողջ աշխարհում՝ բոլոր թրքախոս գաղութներում»։

Այն հարցին, թե գրքի տարածումը Թուրքիայում որքանով կնպաստի Հայոց ցեղասպանության ճանաչմանը, նա պատասխանեց. «Թեկուզ և մեկ փոքրիկ քար էլ տեղից շարժվի, Հայ դատի համար դա օգուտ պետք է համարել»:



Շարունակելով օտարախոս աշխարհին ներկայացնել հայ գրականության լավագույն նմուշները:

Ինչ վերաբերում է անելիքներին, հեղինակը պատմեց, որ վերջերս անգլերեն է թարգմանել Հովհ. Թումանյանի քառյակներից 62-ը, գրել է գեղեցիկ նախաբան և պատրաստվում է անգլախոս աշխարհին ներկայացնել երկլեզու գրքույկ:

Դ. Սաքայանի մեծ ցանկությունն է, որ մեր երկրում լույս տեսած գրքերը ճիշտ տեղաբաշխվեն նախ Հայաստանում ու Արցախում և նաև ամբողջ աշխարհում։ «Ցավոք, այդ աշխատանքը մեր երկրում լավ չի կազմակերպված, և երբեմն գրքերը չեն հասնում նույնիսկ մինչև մեր մայրաքաղաքի գրախանութները,- ասում է նա և շարունակում,- hրաշալի է, որ մենք՝ հայերս, շատ ենք սիրում գրքեր գրել և հրատարակել, բայց մենք պետք է ջանանք, որ այդ գրքերը լճացած չմնան ինչ-որ պահեստներում։ Պետք է տարածել մեր գրքերը մեր երկրում և ամենուր, ընդ որում՝ տարածել թե՛ տպագիր, թե՛ թվայնացած, որպեսզի արագորեն հասու դառնան նաև Սփյուռքի հեռավոր անկյուններում գտնվող հայախոս և օտարախոս մեր հայրենակիցներին»:

 

Հասմիկ Ասլանյան