Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հոկտեմբերի 14-ից 18-ը ԵՊՀ հրատարակչությունն ու ևս մի քանի հայաստանյան հրատարակչություններ մասնակցում էին Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ամենամյա 67-րդ տոնավաճառին: Բացի գրքերի ցուցադրություններից, աշխարհի գրեթե 100 երկրների ներկայացուցիչներ, ցուցադրություններից զատ, իրականացրել են նաև գրքերի շնորհանդեսներ, հեղինակների հետ հանդիպում-քննարկումներ, հարցազրույցներ և այլն:
Եվ ահա հոկտեմբերի 17-ին էլ տեղի է ունեցել Ռոլֆ Հոսֆելդի գրքի շնորհանդեսը:Գերմանական և ավստրիական պատմագրության մասին գիրքը եզակի աշխատություն է, որում, բացի Հայոց ցեղասպանության ամբողջական ներկայացումից, հանգամանալից արծարծվել է նաև Գերմանիայի և Ավստրիայի համապատասխանատվության խնդիրը:
ԵՊՀ Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի Ցեղասպանագիտության բաժնի առաջ. գիտ. աշխատող պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Հայրունու ջանքերով ՀՀԻ-ում կազմակերպվեց գերմանացի անվանի հայագետ, Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարանի տնօրեն Ռոլֆ Հոսֆելդի «Մահ անապատում. Հայոց ցեղասպանություն» գրքի շնորհանդեսն ու ծանոթացումը հայ լսարանին՝ զուգահեռ ՀՀԻ Ցեղասպանագիտություն բաժնի կողմից նախաձեռնելով գրքի հայերեն տարբերակի պատրաստման աշխատանքները:
ԵՊՀ հրատարակչությունը ձեռք է բերել գիրքը հայերեն տարբերակով հրատարակելու իրավունքը: Այժմ կատարվում են թարգմանչական և սրբագրական աշխատանքներ: «Մահ անապատում. Հայոց ցեղասպանությունը» գիրքը հայերենով պատրաստ կլինի տարեվերջին:
Խոսելով այդ և մի շարք այլ հարցերի մասին` գրքի հեղինակը նշել է, որ այն լրացնում է դաշտում առկա բացը: 10 տարի առաջ հրատարակված «Նեմեսիսի օպերացիան» գրքից հետո սա Հոսֆելդի երկրորդ ծավալուն աշխատությունն է Հայոց ցեղասպանության թեմայով: Ընդ որում՝ այս գրքում նա ներկայացրել և արժևորել է նաև Ցեղասպանությանը վերաբերող միջազգային կարևորագույն գիտական ուսումնասիրությունները:
Աշխատությունը բաղկացած է մոտ 300 էջից, որոնցից գրեթե 50-ը հատկացված են սկզբնաղբյուրներին և մասնագիտական գրականությանը, իսկ Ցեղասպանությունը ներկայացվում է ժամանակագրական հաջորդականությամբ բնութագրվող տասը գլուխներում:
ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Մահ անապատում. Հայոց ցեղասպանությունը» գրքի արժանիքներից մեկն այն է, որ հանգամանալից պարզաբանվում է նաև Ցեղասպանության նախապատմությունը, ծրագրայնությունը, թուրքական կառավարող ռեժիմի կողմից դրա իրագործման հետևողականությունը. «Գիրքը գլուխ առ գլուխ բացահայտում է զարհուրելի իրադարձությունները, մի ամբողջ ժողովրդի բնաջնջման ամբողջական պատկերը, որն իբրև մեկ ամբողջական գործընթաց` սկզբնավորվեց սուլթան Աբդուլ Համիդ II-ի կողմից նախաձեռնված հայերի կոտորածներով»:
Գիրքն ավարտվում է Սողոմոն Թեհլերյանի դատավարության ներկայացմամբ, դատավարության դիտորդ Ռոբերտ Քեմպների արտահայտած նկատառումներով, ով, ի դեպ, հետագայում` Նյուրնբերգյան դատավարության ժամանակ, հանդես է եկել որպես մեղադրող: Անդրադարձ է կատարվում նաև Ռաֆայել Լեմկինին, ում վրա 1921 թ.-ի վերոնշյալ դատավարությունը մեծ ազդեցություն է թողել 1948 թ.-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից վավերացված՝ Ցեղասպանությունների կանխարգելման ու պատժման վերաբերյալ կոնվենցիայի իրավական դրույթները շարադրելու հարցում: